Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման Բաքվի դատարանում քննվող շինծու դատական գործի շրջանակում:
Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և նախկին նախագահ Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարի ազատազրկման: Նրանք ցմահ ազատազրկման չեն դատապարտվել, քանի որ նրանց 65 տարեկանը լրացել է (ըստ Ադրբեջանի Քր. օրենսգրքի պահանջների):
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ձերբակալվել և Բաքու էին տարվել 2023 թվականի սեպտեմբերին։
Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանք «մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և անցկացման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և կանոնակարգերի խախտման, ինչպես նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման, իշխանության բռնի պահպանման և բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ»:
Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։