Ռուսական սփյուռքը՝ Հայաստանում փափուկ ուժի ռազմավարության միջոց. ռուսական զեկույցի արտահոսք է եղել

Ռուսաստանի նախագահի աշխատակազմում ստեղծվող նոր «փափուկ ուժի» ստորաբաժանման համար կազմված գաղտնի զեկույցի արտահոսքը բացահայտում է, թե որոնք են Կրեմլի առաջնահերթությունները ռուսական սփյուռքի՝ այսպես կոչված «հայրենակիցների» հետ աշխատանքի շրջանակում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում։

15 էջանոց զեկույցը պատրաստվել է Մոսկվայի պետական համալսարանի կողմից և թվագրված է 2025թ. դեկտեմբերով։ Այն ցույց է տալիս, որ Ռուսաստանը ձգտում է մշակել քաղաքականություն՝ ուղղված իր սփյուռքի հետ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և Մոսկվայի նկատմամբ նրա լոյալության ամրապնդմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասի ռուսական համայնքների շրջանում:

Փաստաթուղթն առաջին անգամ հրապարակել է ռուսական անկախ The Insider լրատվամիջոցի խմբագիր Մայքլ Վայսը:

Զեկույցի հեղինակ Եվգենի Կոժոկինը Միջազգային հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր է և նախկինում աշխատել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունում։ 2002 թվականից նա նաև ընդգրկված է Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ սփյուռքի հարցերով կառավարական հանձնաժողովում, որտեղ մասնագիտացել է ռուսական սփյուռքի համայնքների սոցիոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրության մեջ

Կոժոկինը սփյուռքը բաժանում է երեք մեծ խմբի։

Առաջին խմբում այն մարդիկ են, որոնք ակտիվորեն ձգտում են պահպանել ռուսական ինքնությունը արտերկրում և նկարագրվում են որպես արդեն իսկ Ռուսաստանի պետական շահերը պաշտպանողներ։

Երկրորդ խումբը հեռանում է ժամանակակից ռուսական քաղաքականությունից։ Այս հատվածը զգալիորեն ընդլայնվել է 2022թ. Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո (զեկույցում՝ «հատուկ ռազմական գործողություն») և բնութագրվում է որպես այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» համակիր, որոնք ներկայացվում են որպես Ռուսաստանի պետության հակառակորդներ։

Երրորդ ամենամեծ խումբը հիմնականում ապաքաղաքական է. Պահպանում է Ռուսաստանի հետ մշակութային կամ սոցիալական կապեր՝ առանց բացահայտ քաղաքական ներգրավվածության:

Հարավային Կովկասը՝ ուշադրության կենտրոնում

Թեև զեկույցը ներկայացնում է գլոբալ պատկեր, դրանում առանձին անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին։

Ադրբեջանը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ, բնութագրվում են որպես ռուսական ինքնության ամրապնդման համար առանձնահատուկ բարդ միջավայր։ Կոժոկինը նշում է, որ «նույնիսկ մինչև «հատուկ ռազմական գործողության» մեկնարկը հայրենակիցները ստիպված էին հաշվի առնել ադրբեջանական պետության ավտորիտար բնույթը»։ Նա հավելում է, որ Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում ռուսախոս քաղաքացիները անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների կողմից ավելի խիստ վերահսկողության տակ են, քան տվյալ այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ։

Ի տարբերություն դրա՝ Հայաստանը բնութագրվում է որպես ավելի հարմար միջավայր՝ պայմանավորված «ժողովրդավարական համակարգի տարրերի» պահպանմամբ։ Միևնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ վաղուց ձևավորված ռուսական համայնքները փոքրաթիվ են, իսկ վերջին տարիներին ժամանածները հիմնականում վարում են «մեծամասամբ առանձնացված կյանք»։

Վրաստանը առանձնացվում է որպես 2022 թվականից հետո Ռուսաստանից հեռացածների հիմնական ուղղություն, որտեղ, ըստ զեկույցի, հաստատվել է արտագաղթողների մոտ 15.5 տոկոսը:

Զեկույցն ավարտվում է Ռուսաստանի սփյուռքի հետ աշխատանքի ակտիվացմանն ուղղված մի շարք առաջարկություններով։ Նշվում է, որ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնները, որոնք հայտնի են որպես «ռուսական տներ», պետք է առաջնահերթություն տան ավելի շատ ընտանեկան ուղղվածություն ունեցող ծրագրերին տարեց լսարանի վրա կենտրոնանալու փոխարեն։

Կոժոկինի կարծիքով՝ երիտասարդ հայրենակիցներին անհրաժեշտ է ծանոթացնել «այնպիսի Խորհրդային միության հետ, որի մասին նրանք ոչինչ չգիտեն, այն է՝ ստեղծագործական մտքի համար կենսունակ Խորհրդային միություն»։

Ժամանակակից ռուսական կինոն գնահատվում է որպես «ինքն իրեն վարկաբեկած», և դրա փոխարեն հեղինակը կոչ է անում խթանել այն ֆիլմերի տարածումը, որոնք կենտրոնացած են այնպիսի թեմաների վրա, ինչպիսին է Ուկրաինայում ընթացող «հատուկ ռազմական գործողությունը»։ Նա նաև շեշտում է մշակութային որակի վերահսկման կարևորությունը՝ նշելով. «Ցանկալի է չխրախուսել հետխորհրդային երկրներում միջակ ռուսական թատրոնների հյուրախաղերը»։

Եզրափակիչ առաջարկում զեկույցը կոչ է անում վերականգնել կապերը սփյուռքի ազդեցիկ ու ապահովված ներկայացուցիչների, այդ թվում՝ միլիոնատերերի և միլիարդատերերի հետ, ինչպես նաև «հատուկ ռազմական գործողության» ավարտից հետո նրանց կրկին կապել ռուսական բուհերի հետ»։

Լուսանկարը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյակին նվիրված երթը Երևանում՝ ռուսական ուղղափառ եկեղեցու քահանայի գլխավորությամբ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն