Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին և ԵՄ-ին անհամատեղելի է․ Լավրովը՝ Սիմոնյանին | civilnet.am

civilnet.am «Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած են Եվրոպական միության հետ համագործակցության և առավել ևս՝ նրան միանալու հիմքում»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 5-ին Մոսկվայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։

Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է Հայաստանի սուվերեն ընտրության իրավունքի մասին։ Նրա փոխանցմամբ՝ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանը լինի ինքնիշխան, ուժեղ, ինքնաբավ և կարողանա ինքնուրույն ընտրել իր արտաքին կողմնորոշումը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Եվրամիության երկրները փորձում են տարածաշրջանի գործընկերներին դնել ընտրության առջև։

«Ինչ վերաբերում է Եվրամիության գործընկերներին, նրանք մշտապես համապատասխան երկիրը դնում են ընտրության առջև՝ կամ մեզ հետ, կամ նրանց հետ։ Սա նրանց անփոփոխ տրամաբանությունն է, որն արդեն 20 տարուց ավելի կիրառվում է հետխորհրդային տարածքում»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև հավելել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում հյուսիսից Հայաստանի դեմ կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերի պահպանմամբ, և երկրում այդ հարցի շուրջ այլընտրանքային ընկալում գոյություն չունի։ Նա հավաստիացրել է, որ հայկական կողմը որևէ քայլ չի ձեռնարկում ընդդեմ Ռուսաստանի՝ որպես դաշնակցային պետության, և նպատակ չունի վնասել երկկողմ հարաբերություններին։

«Ես չեմ ուզում, որ այստեղ՝ Ռուսաստանում, լինի այնպիսի ընկալում, թե Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել ընդդեմ Ռուսաստանի։ Ինչ-որ բան անել ընդդեմ Ռուսաստանի՝ որպես բարեկամական, դաշնակցային պետության, չնայած նրան, որ կան հարցեր, որոնք, բնականաբար, անհրաժեշտ է քննարկել»,- ասել է Հայաստանի ԱԺ նախագահը։

Խոսելով Ռուսաստանից հնչող հայտարարությունների մասին՝ Սիմոնյանը նշել է. «Հայ հասարակությունը շատ բացասական է արձագանքում այն հայտարարություններին, որոնք հնչում են Մոսկվայից։ Այդպես են արձագանքում, որովհետև Մոսկվան կարևոր է, կարծիքը կարևոր է, և այն ընկալումը, որ Մոսկվան դաշնակից է, եղել է և մնացել է»։

Նա նաև հավելել է. «Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ մտածել, թե մեզ հետ կանցնի այնպիսի իրավիճակ, թե՝ կամ մեզ հետ, կամ մեր դեմ, մենք նման ընկալում չունենք և չենք ունենա։ Մենք չենք համարում, որ դա ճիշտ է»։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է. «Մենք բավականին հեռու ենք գնացել, լավ իմաստով, Ադրբեջանի հետ, և մեզ մոտ արդեն նախանշվում է խաղաղության պայմանագրի իրական ստորագրումը, ինչը մեզ համար շատ կարևոր է, կարևոր է մեր ապագայի համար»։

Տնտեսական միությունների վերաբերյալ նա հստակեցրել է. «Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին և Մաքսային միությանը, մենք չենք համարում, որ պետք է այնտեղից դուրս գանք, կամ մտածում ենք, որ կարող ենք միասին գտնել լուծում, որը ձեռնտու կլինի երկու կողմերին»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն