ԱԺ հանձնաժողովը մերժեց ընդդիմության նախագիծը ՀՀ-ում քաղբանտարկյալների վերաբերյալ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայներով բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախագծին։ Նախագիծը «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» էր:

«Հայաստանում կան քաղբանտարկյալներ. նրանք համապատասխանում են ԵԽԽՎ–ի 2012 թվականի 1900–րդ բանաձևով նախատեսված չափանիշներին: Սա լուրջ խնդիր է մեր պետության համար»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ Հայաստանում մարդիկ զրկվել են ազատությունից կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, խոսքի և դիրքորոշման համար։ Նա անդրադարձավ նաև Հայ առաքելական եկեղեցու սպասավորների, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների կալանավորմանն ու նրանց դեմ հարուցված քրեական գործերին։

«Հատուկ ուզում եմ նշել վերջին գործընթացը, որը տեղի է ունենում. 7 հոգևորականի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, ինչպես նաև կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Սա պարզապես իրավունքի և իրավագիտության բոլոր նորմերի խախտում է, ավելին՝ ոչ միայն իրավական, այլև բանական ձևակերպման մեջ չի տեղավորվում։ Այսինքն՝ կաթողիկոսի որոշմամբ կարգալույծ եղած մարդը դիմում է դատարան, և դատարանը նրա նկատմամբ կիրառում է հայցի ապահովման միջոց՝ չխոչընդոտել նրան իրականացնել իր պարտականությունները։ Սա նույնն է, որ վարչապետը SMS-ով նախարարին աշխատանքից հեռացնի, ու դատարանը որոշի կիրառել հայցի ապահովման միջոց՝ չխոչընդոտել նրան իրականացնել իր պարտականությունները»,– ասաց Վարդանյանը։

Նախագծի հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ Հայաստանը ԵԽԽՎ-ի կողմից մոնիտորինգի տակ գտնվող երկիր է, և պարբերաբար ԵԽԽՎ-ն Հայաստանի ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ հրապարակումներ է անում, որտեղ չի հիշատակվում քաղբանտարկյալների որևէ թեմա:

Հիշեցնենք` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը պետք է տեղի ունենա փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն