ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել են կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման հարցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հայկ Մամիջանյանը և Արմեն Ռուստամյանը փետրվարի 5-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վլադիմիր Վարդանյանը բարձր է գնահատել Մայքլ Օ’Ֆլահերթիի ջանքերը՝ ուղղված Եվրոպայի խորհրդի շրջանակում մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը:

Զրուցակիցները խոսել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև շարունակական համագործակցության մասին: Մասնավորապես անդրադարձ է կատարվել կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելմանը, ինչպես նաև Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքներին վերաբերող հարցերին: Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շարունակում է անել հնարավորը տեղահանվածներին մեր հասարակությունում ինտեգրելու ուղղությամբ:

ԱԺ պատգամավորները հյուրի ուշադրությունն են հրավիրել Բաքվում պահվող անձանց խնդրին, կարևորել նրանց շուտափույթ հայրենադարձումը:

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ Հայկ Մամիջանյանը և Արմեն Ռուստամյանը հանձնակատարին ներկայացրել են ներհայաստանյան զարգացումները, խոսել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցից, անդրադարձել, իրենց գնահատմամբ, երկրում քաղբանտարկյալների առկայությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն