Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի քննարկումների առանցքում է եղել երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովից։
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ:
«Ի թիվս այլ հարցերի` առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես՝ դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին և դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցերի»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, ըստ ռուսական կողմի հաղորդագրության, Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է Հայաստանի սուվերեն ընտրության իրավունքի մասին․ «Ինչ վերաբերում է Եվրամիության գործընկերներին, նրանք մշտապես համապատասխան երկիրը դնում են ընտրության առջև՝ կամ մեզ հետ, կամ նրանց հետ։ Սա նրանց անփոփոխ տրամաբանությունն է, որն արդեն 20 տարուց ավելի կիրառվում է հետխորհրդային տարածքում»,- ասել է Լավրովը։
Ալեն Սիմոնյանն էլ ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերի պահպանմամբ, և երկրում այդ հարցի շուրջ այլընտրանքային ընկալում գոյություն չունի։ Նա հավաստիացրել է, որ հայկական կողմը որևէ քայլ չի ձեռնարկում ընդդեմ Ռուսաստանի՝ որպես դաշնակցային պետության, և նպատակ չունի վնասել երկկողմ հարաբերություններին։