Կարգալույծ քահանաները Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են դատարան | hetq.am

hetq.am  Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե քահանա Թախմազյան) և Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ քահանա Ասատրյան) հայցադիմումներ են  ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունները և իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում։

Արամայիս Թախմազյանը պահանջում է անվավեր ճանաչել  Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի 2025թ. դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը  Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանին կարգալույծ հռչակելու մասին և որպես հետևանք իրեն  վերականգնել նույն տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում:

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Հովհաննես Մելքոնյանին։ Վերջինս Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է։

Ստեփան Ասատրյանն էլ պահանջում է անվավեր ճանաչել կաթողիկոսի 2025թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությունը իրեն կարգալույծ հռչակելու մասին եւ վերականգնել Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում:

Այս գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Սիմա Աբովյանին։

Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին 2026թ. հունվարի 22-ին երկու հայցադիմում է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ։

Հայցերից մեկով եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը (այդ թվում՝ բնակարանի բանալիները)՝ վտարելով Ստեփան Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։

Երկրորդ հայցով պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու Սուրբ խորան, ավանդատուն և ատյան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն