Թրամփն աջակցություն է հայտնել Տակաիչիին Ճապոնիայում արտահերթ ընտրություններից առաջ | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցություն է հայտնել Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիին փետրվարի 8-ին երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Թրամփը համապատասխան գրառում է կատարել իր Truth Social հարթակում։

Թրամփի խոսքով՝ Տակաիչին «արդեն ապացուցել է, որ ուժեղ, հզոր և իմաստուն առաջնորդ է», որն իսկապես սիրում է իր երկիրը և «չի հիասթափեցնի Ճապոնիայի ժողովրդին»։

«Հետևաբար, որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների  նախագահ, ինձ համար պատիվ է լիակատար աջակցություն հայտնել նրան և այն ամենին, ինչ ներկայացնում է նրա շատ հարգված կոալիցիան», – գրել է Թրամփը։

Reuters գործակալությունը նշում է, որ Ճապոնիայի առաջին կին վարչապետի կոալիցիան, ամենայն հավանականությամբ, կհաղթի ընտրություններում՝ հաշվի առնելով հարցումների արդյունքները։ Տակաիչին արձակել է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ հրավիրել, որպեսզի մանդատ ստանա իր կառավարության ծախսերի ծրագրերն իրականացնելու և երկրի պաշտպանությունն ամրապնդելու համար։

Նշվում է, որ Տակաիչիի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկեր Ճապոնիայի նորարարական կուսակցությունը՝ հայտնի որպես Իշին, կարող են խորհրդարանի 465-տեղանոց ստորին պալատում ստանալ 300 տեղ, ինչը շատ ավելի մեծ թիվ է, քան ներկայում։

Տակաիչին 2025 թ. հոկտեմբերին Տոկիոյում ընդունել է Դոնալդ Թրամփին։ ԱՄՆ նախագահն իր հերթին նշել է, որ մարտի 19-ին Տակաիչիին կհյուրընկալի Սպիտակ տանը։

BBC-ն գրում է, որ չնայած ԱՄՆ նախագահները հազվադեպ են հրապարակայնորեն աջակցում օտարերկրյա ընտրությունների թեկնածուներին, սակայն Թրամփը նման բան արել է նախկինում՝ վերջերս աջակցելով Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն