Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով բանակում հոգևոր ծառայության կարգավորումներում փոփոխությունների մասին հարցերին:
Անդրադառնալով տեղեկությանը, որ կարգալույծ քահանաներին առաջարկվում է 700 հազար դրամով գնդերեց աշխատել բանակում, Պապիկյանը ասաց. «Աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ նախարարի հրապարակված հրամանը բացահայտում է, որ այո, մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որ նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը»:
Դիտարկմանը, որ սա մեկնաբանում են որպես ճանապարհ՝ ուրանալու Հայ առաքելական եկեղեցուն, պաշտպանության նախարարը արձագանքեց՝ եթե բանակում ծառայելը ինչ-որ մեկն ուրացում է համարում, իր անձնական գործն է:
Աշխատավարձի վերաբերյալ Պապիկյանը միայն նշեց, որ լրագրողը բարձր թիվ է ասում՝ միաժամանակ ընգծելով, որ գնդերեցների աշխատավարձը այսուհետ նախկինից բարձր է լինելու:
Դիտարկմանը, որ նախարարը չէր կարող առանց Կաթողիկոսի հետ համաձայնության նման հրաման տալ, Սուրեն Պապիկյանն արձագանքեց. «Հայաստանում բոլոր ինստիտուտները աշխատում են, թող բողոքարկեն, թող դիմեն դատարան, եթե էդպես ա: Ես չեմ կարծում, որ էդպես ա, ես համաձայն չեմ իրենց հետ, իմ բոլոր գործողությունները իրավաչափ են և տեղին»:
Հիշեցնենք, որ 2026թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաման է ստորագրել, որով փոփոխել է բանակում հոգևոր ծառայության կարգավորումները: Ըստ փոփոխության՝ բանակում ծառայող հոգևորականը այսուհետ դադարում է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը, այժմ նա զինվորական սպա է, որը ենթարկվելու է բարոյահոգեբանական ապահովման վարչությանը և կատարելու է հրամանատարի հրամանները։ Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև ընդդիմությունը այս փոփոխությունը կապում է կառավարող ուժի և եկեղեցու առաջնորդների միջև հակասության հետ: