ԲՏԱՆ-ում ներկայացվել են ԱԲ ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների նոր հնարավորությունները

Փետրվարի 5-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ներկայացման նպատակով: Հանդիպումն իրականացվել է ՀՀ ԲՏԱ նախարարության և Amazon Web Services (AWS)-ի համատեղ նախաձեռնությամբ։

Ինչպես հայտնում են ԲՏԱՆ-ից, հանդիպմանը մասնակցել են տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, ստարտափներ, գիտահետազոտական խմբեր, ուսանողներ և ոլորտի մասնագետներ։

Միջոցառման ընթացքում ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախաձեռնության ռազմավարական տեսլականը, ծրագրի նպատակներն ու գործնական մեխանիզմները՝ ընդգծելով, որ այն նախարարության առանցքային ռազմավարական նախաձեռնություններից է և ուղղված է Հայաստանում արհեստական բանականության էկոհամակարգի կայուն ու երկարաժամկետ զարգացմանը։ Նա անդրադարձել է պետական աջակցության ձևաչափին, շահառուների ընտրության սկզբունքներին, ինչպես նաև այն հնարավորություններին, որոնք ծրագիրը ստեղծում է հետազոտողների, ուսանողների, ստարտափների և տեխնոլոգիական ընկերությունների համար։

Գևորգ Մանթաշյանը նշել է, որ փորձնական ծրագրի շրջանակում ընտրված շահառուների կողմից փաստացի օգտագործված բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների արժեքը կսուբսիդավորվի 100 տոկոսով, ինչպես նաև կտրամադրվի AWS-ի տեխնիկական փորձագիտական աջակցությունը։ Նա կարևորել է նաև Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի դերը՝ որպես հայտերի ընդունման, դիմողների նույնականացման և ռեսուրսների բաշխման գործառնական հարթակ, ինչպես նաև որպես համագործակցության և գիտելիքի փոխանակման վիրտուալ միջավայր։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները ստացել են պարզաբանումներ ծրագրին մասնակցության պայմանների, պահանջների և կիրառման ընթացակարգերի վերաբերյալ։ Քննարկվել են նաև արհեստական բանականության ոլորտում առկա ենթակառուցվածքային մարտահրավերները և դրանց հաղթահարման գործում պետական-մասնավոր համագործակցության կարևորությունը։

Հիշեցնեք, որ ԱԲ ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրն իրականացվում է Amazon Web Services (AWS) ընկերության հետ համագործակցությամբ՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի շրջանակում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն