Էկոնոմիկայի նախարարն ակնկալում է նվազագույնը 6 տոկոս տնտեսական աճ | armenpress.am

armenpress.am Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կգրանցի առնվազն 6 տոկոս տնտեսական աճ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ 2025 թվականի առաջին երեք եռամսյակում Հայաստանի տնտեսությունն արձանագրել է համապատասխանաբար 5,2, 6,4 և 6,2 տոկոս աճ, իսկ չորրորդ եռամսյակում ակնկալվում է ավելի բարձր ցուցանիշ։

«Երրորդ եռամսյակը եղել է ամենամեծը և վստահաբար կարող եմ ասել, որ չորրորդ եռամսյակը լինելու է դրանից էլ ավելի բարձր՝ տնտեսական ակտիվության ցուցանիշների հիման վրա»,-նշեց Պապոյանը։

Նրա խոսքով՝ 2025 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը ընթացիկ գներով կկազմի մոտ 10,86 տրիլիոն դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ ՀՆԱ-ն կհասնի մինչև 28 միլիարդ դոլարի՝ 2024 թվականի 26 միլիարդ դոլարի դիմաց։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ 2025 թվականին կգերազանցի 9 հազար դոլարը։ «2024 թվականին այդ ցուցանիշը կազմել է 8556 դոլար, և 2025-ին մենք ակնկալում ենք անցնել 9 հազար դոլարի շեմը»,-ասաց նախարարը։

Պապոյանի խոսքով՝ 2025 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,1 տոկոս՝ նախորդ տարվա 8,3 տոկոսի համեմատ։ «Տնտեսության բոլոր ոլորտներն աճել են»,-եզրափակեց նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն