Որևէ գործով ես չեմ անցել և չեմ անցնում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր մասին հնչեցրած հայտարարությանը:
Նշենք, որ Փաշինյանը, ՀՀ կառավարության նիստից հետո ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՔՊ վարչությունում ամիսներ առաջ Հայկ Սարգսյանին արված նկատողությանը, ասել էր, որ «ՔՊ կուսակցությունը այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները և կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու», և կարծիք հայտնել, որ Սարգսյանի շահերից չի բխում իրեն արված նկատողության մանրամասները հանրայնացնելը:
Նախ Սարգսյանը հրաժարվեց որևէ գնահատական տալ Փաշինյանի հայտարարությանը ապա լրագրողներին ասաց, որ ՔՊ կուսակցությունում համենայն դեպս իր ներկայությամբ որևէ մեկը իրեն չի մեղադրել կոռուպցիոն որևէ սխեմայի, կա՛մ գործարքի, կա՛մ երևույթի մեջ:
«Մամուլից տեղեկացել եմ, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ՔՊԿ վարչության որոշ անդամներ իմ բացակայությամբ ինձ մեղադրել են կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն ինչ-որ գործերի մեջ:
Եթե այդպիսի բան եղել է, դա ՔՊ կուսակցության կանոնադրության կոպտագույն խախտում է, որովհետև ՔՊԿ կանոնադրության համաձայն՝ կուսակցականը իրավունք ունի ներկա գտնվելու իր հարցի քննարկմանը, և պետք է ապահովվի քննարկվող հարցի վերաբերյալ իր՝ կարծիք արտահայտելու հնարավարությունը:
Իմ այս իրավունքը չի պահպանվել, եթե իմ բացակայությամբ որևէ մեկը ինձ մեղադրել է կամ փորձել է վարչապետի մոտ տպավորություն ստեղծել, թե ես կոռուպցիոներ եմ կամ որևէ կոռուպցիոն թեմայի մեջ ներգրավված եմ»,- ասաց պատգամավորը:
Սարգսյանը հերքեց այն, որ ինքը կապ ունի Հովիկ Աղազարյանի՝ մանր եղջերավորների գործի հետ՝ ի պատասխան դիտարկմանը, որ դատարանում ձայնագրություն է հնչել, որտեղ իր անունն էլ է տրվել:
Նա նշեց, որ ինքը բոլոր գործերի մասին տեղեկացել է մամուլից:
«Հնարավոր է՝ մարդիկ զրույցի ընթացքում տասնյակ, հարյուրավոր մարդկանց անուններ տան, դա չի նշանակում, որ այդ մարդը ներգրավված է այդ գործում»,- ասաց նա:
Սարգսյանը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, խնդրեց ՔՊ իր գործընկերներին, որ հրապարակեն իրեն ուղղված բոլոր մեղադրանքները, եթե դրանք եղել են:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը չի լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախըտրական ցուցակում: Կուսակցության վարչությունը մերժել է հարցի առնչությամբ պատգամավորի բողոքը: Ավելի ուշ նա հայտնել է, որ այլևս չի ցանկանում լինել ՔՊ ցուցակում: Պատգամավորի խոսքով՝ կուսակցական շատ ընկերներ ևս տարակուսանք են հայտնել, որ տեղեկացված չեն, թե ինչու Սարգսյանին թույլ չեն տվել ընդգրկվել ցուցակում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ առանց մանրամասներ ասելու՝ հայտնել էր, որ Սարգսյանին մանրամասն ներկայացվել է նրա՝ ընտրացուցակում չհայտնվելու պատճառը՝ նշելով, որ «եթե լուրջ պատճառ չլիներ, նման որոշում չէր կայացվի»: