news.am Օրերս քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ, ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ դեպքի առթիվ փետրվարի 4-ին քրեական վարույթ է նախաձեռվել, այսօր էլ դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը՝ պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը` այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով): Որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ փետրվարի 3-ին լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ տարածեց, որտեղ երևում էր, թե ինչպես է ոստիկանը հարվածելով, նվաստացնելով և հայհոյելով փորձում քաղաքացուց ցուցմունք կորզել։