Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի տարանցման հնարավորությունը բացել ենք, մնացածը բիզնեսի որոշելիքն է. Պապոյան | armenpress.am

armenpress.am Ադրբեջանի տարածքով Հայաստան հեղուկ գազի տարանցման հնարավորությունը բաց է,  բիզնեսը կորոշի՝ օգտվել, թե ոչ:

Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի տարանցման հնարավորություն կա, բացել ենք: Կօգտվի՞ բիզնեսը, թե՞ ոչ…. Այլ հավասար պայմաններում երկաթուղին ավելի էժան է, սակայն մարդիկ մեծ ներդրումներ են արել այդ ոլորտում, օրինակ, գնել են մեքենա: Այդ պարագայում իրեն տնտեսապես ավելի հարմար է բերել մեքենայով: Բայց այն կազմակերպությունների համար, որոնք պետք է վարձակալեն մեքենա, երկաթուղին կարող է ավելի հարմար լինել: Կա դեպք նաև, որ Լարսը փակվում է: Այլընտրանքը կա»,-ասաց նախարարը:

Պապոյանը նկատեց՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի տարանցման հնարավորությունը նաև մրցակցություն է առաջացնում. նույնիսկ այն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալու, քանի որ կա երկաթուղու այլընտրանք:

Անդրադառնալով հարցին՝ փոխադրման համաձայնության վերաբերյալ իր հայտարարությունից հետո Հայաստան Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի խմբաքանակի փոխադրում եղե՞լ է՝ Պապոյանը պատասխանեց. « Դա պրոցես է, նույնիսկ, եթե միանգամից սկսված լինի, վստահ չեմ, որ կհասցներ գալ այստեղ»:

Գևորգ Պապոյանը հունվարի վերջին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։ Նա նշել էր, որ գործարարները արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից ևս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն