ՌԴ-ն պատրաստ է քննարկել իր մասնակցությունը TRIPP նախագծում․ ՌԴ դեսպան | civilnet.am

civilnet.am  Մոսկվան պատրաստ է քննարկել Ռուսաստանի մասնակցությունը TRIPP նախագծում, փետրվարի 6-ին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պատրաստ ենք քննարկել այս նախաձեռնությանը միանալու հնարավորությունը, հաշվի առնելով, ի թիվս այլ բաների, Ռուսաստանի և Հայաստանի միջև շատ սերտ համագործակցությունը՝ Հայաստանի Հանրապետության երկաթուղային հատվածը կոնցեսիոն պայմանագրերի միջոցով պահպանելու և զարգացնելու գործում», – ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ երթուղու գործնական գործարկումը, հավանաբար, որոշ ժամանակ կպահանջի, և Ռուսաստանը կհետևի այս գործընթացին։

Ավելի վաղ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աբսուրդ էր անվանել Ռուսաստանի մասնակցությունը TRIPP նախագծին։

«Թրամփի ուղի» կամ TRIPP նախագիծը տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագիր է, որի հիմնարար Համատեղ հռչակագիրը ստորագրվել է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական միջնորդությամբ։ Նախագծի գործնական իրականացման շրջանակը վերջնականացվել է 2026-ի հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից։ Ծրագրի հիմքում ընկած է հայ-ամերիկյան համատեղ ընկերության ստեղծումը, որը պետք է կառավարի Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային ուղիները՝ պահպանելով ՀՀ ինքնիշխան վերահսկողությունը և ապահովելով տարածաշրջանային կայունությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն