armenpress.am Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի մշակույթի տան տարածքում փետրվարի 6-ին հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի Պատվո հյուպատոսությունը։
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկին, ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, գործարար շրջանակների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, արվեստի և մշակույթի գործիչներ ։
Հյուպատոսության սենյակի բացման ժապավենը կտրելու իրավունքը վերապահվեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկիին և Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի Պատվո հյուպատոսության հյուպատոս Արման Անդրիկյանին։
Այնուհետ հնչեցին Հայաստանի և Ռումինիայի պետական օրհներգերը։
Գավառում Ռումինիայի Պատվո հյուպատոսության բացման առիթով առաջինը ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկին, հավաստիացնելով, որ այս քայլով ավելի են խորանալու և զարգանալու հայ-Ռումինական բարեկամական կապերը, որոնք ունեն դարերի պատմություն։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էլ Պատվո հյուպատոսության բացումը համարեց շատ կարևոր, նշանակալի իրադարձություն այն առումով, որ Գեղարքունիքի մարզի պատմության մեջ առաջին անգամ Պատվո հյուպատոսություն է գործելու։
«Մեզ համար այս օրը շատ կարևոր ու նշանակալի օր է, քանի որ Գեղարքունիքի մարզի պատմության մեջ առաջին անգամ է, որ Պատվո հյուպատոսության գրասենյակ է բացվում։ Եվ ես վստահ եմ, որ Գավառում Ռումինիայի հյուպատոսության գրասենյակը ծառայելու է երկու բարեկամ ժողովուրդների միջև եղած կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև՝ նոր կապերի ստեղծմանը, որը գործընկեր կառույցների կողմից արդեն նախատեսված է նաև տեղական ինքնակառավարման մակարդակում, համագործակցության հուշագրի ստորագրմամբ, ինչի արդյունքում զարկ կտրվի ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի ներդրմանն ու իրականացմանը»,-նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Իր ողջույնի և շնորհավորանքի խոսքում ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ևս հյուպատոսության բացումը համարեց չափազանց կարևոր քայլ հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման գործում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում