Վենսի այցի օրը Երևանում հանրահավաք կանցկացվի՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել է փետրվարի 9-ին՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարելիք այցի օրը, Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքի մասին, որի նպատակն է պահանջել Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը:

Հավաքը կազմակերպվում է Վաշինգտոնի և միջազգային հանրության ուշադրությունը մարդու իրավունքների այս հրատապ խնդրին հրավիրելու նպատակով՝ շեշտելով, որ գերիների վերադարձը չի կարող լինել քաղաքական սակարկությունների առարկա:

Ըստ տարածված հայտարարության՝ ակցիան տեղի կունենա ժամը 17:00-ին՝ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմաց:

Կազմակերպիչները կոչ են արել քաղաքացիներին ցուցաբերել միասնականություն և պատասխանատվություն՝ ընդգծելով, որ բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում հանրային ճնշումը կարևոր է ցույց տալու համար, որ հայրենակիցների ճակատագիրը չի կարող մոռացության մատնվել:

Հայտարարության մեջ նշվում է, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է ազատ արձակվի անհապաղ և անվերապահ՝ հիմնվելով մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության սկզբունքների վրա:

Բաքվի ռազմական դատարանը փետրվարի 5-ին հրապարակել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և 8 հայերի դատավճիռները։

Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը և 8 քաղաքացիական անձանց մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։

Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Նույն գործով անցնող քաղաքացիական անձանցից Մելիքսեթ Փաշայանը և Մադաթ Բաբայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուսների գործից և քննվում է առանձին վարույթով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն