Եվրամիությունում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել է․ Արման Եղոյան

Եվրամիությունում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել է․ Արման Եղոյան

Եվրամիությունում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել է: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Ըստ Եվրոստատի՝ 2025 թվականին ԵՄ անդամ երկրներում ապաստան հայցած (ժողովրդական լեզվով ասած՝ հանձնված)՝ ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 2850, ինչն ավելի քան 34 տոկոսով պակաս է 2024 թվականի նույն ցուցանիշից (4330 քաղաքացի) և ավելի քան 46 տոկոսով պակաս է նույն ցուցանիշի՝ Սերժ Սարգսյանի և Տաշիրի Կարեն Կարապետյանի իշխանության տարիների (2009-2017) տարեկան միջինից (5280 քաղաքացի)։ Եվ ընդհանրապես, սրանից ավելի քիչ հայցեր եղել են միայն քովիդային 2020 և 2021 թվականներին՝ ակնհայտորեն, պայմանավորված լոքդաունի և օդային ուղևորափոխադրումների շեշտակի կրճատմամբ։

Համոզված եմ, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը զուգահեռ՝ այս թիվն է՛լ ավելի է նվազելու։

Միանգամից պատասխանեմ բոլոր այն հոռետեսներին, որոնք կասեն, թե այս նվազումը կապված է ԵՄ մեկնելու հնարավորությունների ինչ-ինչ ֆիզիկական սահմանափակումների հետ․ 2025 թվականին 2024 թ․ համեմատ՝ Հայաստանից ԵՄ օդային ճանապարհով ուղևորափոխադրումների թիվը աճել է 178․000-ով (որից 87.000-ը մեկնումների, իսկ 91.000-ը ժամանումների աճն է)։ Այսինքն՝ ոչ թե ԵՄ-ում ֆիզիկապես հայտնվելու հնարավորություններն են նվազել, այլ այնտեղ ապաստան հայցելու և մնալու կարիքը և(կամ) ցանկությունը։ Ու 2025-ը այդ առումով բեկումնային տարի էր»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն