Մեծագույն պատիվ է հյուրընկալել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին եւ նրա գլխավորած պատվիրակությունը․ այս այցն ունի հիրավի պատմական եւ խորհրդանշական կարեւորություն, սա ԱՄՆ փոխնախագահի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահի հետ զրույցից հետո հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ այցը տեղի է ունենում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման աննախադեպ իրողությունների պայմաններում եւ արտացոլում է ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեւավորված ամուր եւ ռազմավարական գործընկերության խորհուրդը։
«2025-ի փետրվարի 7-ին Սպիտակ տանը մեր ունեցած հանդիպումը շատ կարեւոր նշանակություն ունեցավ հետագա իրադարձությունների համար։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ արտահայտել ՀՀ կառավարության երախտագիտությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ Ձեզ 2025-ի օգոստոսի 8-ին տեղի ունեցած գագաթնաժողովի կազմակերպման համար, որով մենք լուրջ զարկ տվեցինք ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությամբ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվեց խաղաղություն։
Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից հետո ես եւ Ադրբեւանի նախագահ Իլհամ Ալիեւը նախագահ Թրամփին համատեղ նամակով առաջադրել ենք Խաղաղության Նոբելյան մրցանակի, եւ հույս ունեմ որ նախագահն արդարացիորեն կարժանանա մրցանակին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն առանցքային նշանակություն ունեցող քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման եւ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին։
«Պարոն Վենսին ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, ինչպես նաեւ օրեր առաջ Աբու Դաբիում իմ եւ Ադրբեջանի նախագահի միջեւ տեղի ունեցած քննարկումների մանրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջեւ խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին։ Վերահաստատել եմ նաեւ Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության եւ խաղաղարար առաքելությանը՝ այդ թվում «Խաղաղության խորհրդի գործունեությանը»։
Ուզում եմ նշել, որ ստացել եմ եւ սիրով ընդունել նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին»։
Անդրադառնալով ԹՐԻՓՓ ծրագրին, Փաշինյանը նշել է, որ փոխնախագահ Վենսի հետ երկուստեք ընդգծել են Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի ձեռքբերումներից մեկի՝ «ԹՐԻՓՓ» նախագծի հետեւողական իրագործման կարեւորությունը՝ համաձայն ս․թ․ հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջեւ ստորագրված «ԹՐԻՓՓ» ծրագրի իրագործման շրջանակին։
«Վերահաստատել ենք, որ այս ծրագիրը, բացի խաղաղության լրջագույն դիվիդենտներից, ունենալու է նաեւ տարածաշրջանային գլոբալ նշանակություն՝ զարգացնելով արեւմուտքից արեւելք անխոչընդոտ հաղորդակցությունը։ Մեր գոհունակությունն ենք արտահայտել ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաեւ օրերս մեկնարկած տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ընթացքի կապակցությամբ։
Քննարկել ենք նաեւ տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարները՝ որպես Հրվ․ Կովկասում կայունության եւ խաղաղության կարեւորագույն գրավականներ։ Կարծում եմ՝ այս համատեքստում մեծ կարեւորություն ունի նաեւ ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխության՝ իր տրամաբանական հանգրվանին հասնելը, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղու բացումը»,- ասել է ՀՀ վարչապետը։