ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրեց խաղային գործունեության կարգավորմանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների նախագիծը | armenpress.am

 armenpress.am Ազգային ժողովում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը վերաբերում է խաղային գործունեության կարգավորմանը և մրցութային ընթացակարգերի հստակեցմանը։ Գևորգյանը նշեց, որ նախաձեռնությամբ փորձում են հասցեագրել երկու հիմնական հարց։

«Առաջինը վերաբերում է մրցույթի արդյունքների բողոքարկման կարգի հստակեցմանը։ Դեռ 2024 թվականին ընդունվել է խաղային գործունեության կարգավորման մասին նոր օրենք, որով սահմանվել է օպերատորի ընտրության մրցութային ընթացակարգ։

Օպերատորը կենտրոնացված մոնիթորինգային համակարգն է, որի միջոցով նախատեսվում է ամբողջական վերահսկողություն հաստատել խաղային գործունեության ոլորտում գործող կազմակերպիչների նկատմամբ՝ անկախ նրանից՝ խոսքը հողի վրա գործող խաղատների, թե առցանց խաղատների մասին է։

Այս կարգավորման գործարկմամբ հնարավորություն կունենանք վերահսկել բավականին դետալացված տարբեր տեսակի եկամուտներ և խաղադրույքներ։ Թվային ենթակառուցվածք ենք ստեղծում, որտեղ յուրաքանչյուր խաղադրույք իրական ժամանակում կգրանցվի, և Պետական եկամուտների կոմիտեն կունենա համապատասխան տեղեկատվություն»,-նշեց նա։

ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ մրցութային ընթացակարգը մեկնարկել է դեռ անցած տարի։ Առաջին փուլն արդեն ավարտվել է, և ներկայում գործընթացը գտնվում է երկրորդ փուլում։

Գևորգյանը նշեց, որ նախագծի երկրորդ կարևոր ուղղությունը վերաբերում է դատավարական կարգավորումներին։

«Մասնավորապես՝ առաջարկվում է քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքում կատարել լրացում, որով կբացառվի այնպիսի հայցի ապահովման կիրառումը, որը կարող է հանգեցնել մրցութային գործընթացի կասեցման»,-ասաց Գևորգյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն