armenpress.am Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ օրեր առաջ կայացած հանդիպումից:
Սիմոնյանը մանրամասներ ներկայացրեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Այո, ես ներկայացրել եմ մեր մտահոգությունները, իրենք ներկայացրել են իրենց մտահոգությունները: Քաղաքական գործիչների, իմ այցի, մեր հանդիպման իմաստն այն էր, որ իրենք ասեին այն, ինչ իրենց է անհանգստացնում, մենք ասեինք այն, ինչ մեզ է անհանգստացնում: Բայց իրար հարցադրում անելուց բացի՝ մենք ունեցել ենք նաև շատ կարևոր քննարկումներ, առաջարկներ, գործնական քննարկումներ՝ սկսած Հայաստանում տարբեր ներդրումների հետ կապված, վերջացրած Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելուց և այլն: 1 ժամ 40 րոպե մենք զրուցել ենք»,-ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը նշեց՝ ինքը տեղյակ չի եղել, թե հանդիպման որ հատվածն է փակ, որը՝ բաց: Նույնիսկ չի իմացել, որ զրույցը ուղիղ եթերով հեռարձակվում է:
Սիմոնյանի խոսքով՝ կարճ ակնարկ եղել է TRIPP-ի հետ կապված: «Նկատի ուներ, որ տարբեր բաներ ենք խոսել, հիմա իրողությունն այլ է: Ես ասել եմ՝ այո, իրողությունն այլ է, և կա այն իրողությունը, որ դուք նույնպես կարող եք (ոչ TRIPP-ին մասնակցությամբ, ես դա չեմ պատկերացնում) այլ ենթակառուցվածքներ կառուցելու, վերակառուցելու և շահագործելու մեջ ներգրավված լինել»,-նշեց նա:
Ըստ ԱԺ նախագահի՝ դա շատ լավ առաջարկ է, որին Ռուսաստանը պետք է արձագանքի: Նա կարծում է, որ ռուսական կողմից այս առումով արձագանք կլինի:
Սիմոնյանը վստահեցրեց, որ Լավրովի հետ հանդիպմանը ներկայացրել է բոլոր մտահոգությունները, որ առկա է Ռուսաստանից հնչող հայտարարությունների հետ կապված:
«Ասել եմ, որ հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու մասին են խոսում Հայաստանի տարածքում: Այն, ինչ ես այստեղ ասել եմ, ասել եմ նաև այնտեղ»,-հավաստիացրեց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ Լավրովի արձագանքը եղել է այն, ինչ մշտապես լինում է ռուսական կողմից, որ նման բան չկա, դրանք պարզապես անհատներ են:
«Իրենք վստահեցրին, որ որևիցե ձևով որևէ շահագրգռվածություն չունեն մեր արտաքին, ներքին քաղաքականության հետ կապված: Իհարկե, իրենց մտահոգում են ինչ-որ բաներ, որի մասին իրենք խոսել են, մեզ ևս ինչ-որ բաներ մտահոգում են: Նույնիսկ ինչ-որ պահի մեզ՝ իշխող խմբակցությանը, հաջողություն մաղթեցին գալիք ընտրություններում»,-ասաց ԱԺ նախագահը: