armenpress.am ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմի կողմից 2025 թվականին իրականացվել է 1610 ստուգում, կայացվել է 7000-ից ավելի վարչական ակտ, ընդհանուր պատասխանատվության միջոցները գերազանցում են 2 մլրդ դրամը։ Պետական բյուջե գանձվել է 500 մլն դրամից ավելի գումար։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, ամփոփելով 2025-ի աշխատանքները, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը նշեց, որ նկատվում է խախտումների նվազման միտում։
«2024 թվականին ստուգումների թիվը կազմել է 1300, 2025-ին՝ 1610։ Վարչական ակտերի քանակը 2024-ին եղել է 8000, 2025-ին՝ 7000-ից ավելի։ Դա նշանակում է, որ թեպետ ստուգումների թիվն ավելին է, սակայն խախտումների թիվն է կրճատվել կամ նախկինում հայտնաբերված խախտումները տնտեսվարողների կողմից վերացվել են»,-ասաց Գարեգին Խաչատրյանը։
Ստուգումներից զատ իրականացվել են բազմաթիվ վերահսկողական միջոցառումներ։ Հրդեհային անվտանգության ոլորտում 2025-ին տեսչական մարմնի կողմից իրականացվել է 2200 վերահսկողական միջոցառում, որի արդյունքում հայտնաբերվել է 3100 խախտում։ Գարեգին Խաչատրյանը նկատեց, որ 2024 թվականին նշված ոլորտում կատարված 2300 վերահսկողական միջոցառման արդյունքում հայտնաբերվել է 4300 խախտում։ Խախտումների էական նվազումը Գարեգին Խաչատրյանը կարևոր ցուցիչ է համարում։
«Խախտումների նվազման հիմքում մի քանի գործոններ են, օրենսդրական փոփոխություններ, գործիքակազմի ուժեղացում։ Դրանից բացի, տնտեսվարողներն են պատրաստակամ դարձել»,-ասաց տեսչական մարմնի ղեկավարը։
Գարեգին Խաչատրյանը հատկապես կարևորեց օրենսդրական փոփոխությունները, ըստ որոնց, օրենքով հստակ սահմանվեց՝ տեսչական մարմնի ղեկավարի կողմից սահմանված վարչական ակտը կամ կարգադրագիրը, որի հիմքում ընկած է հանրությանը վտանգ սպառնացող ռիսկը, ենթակա է անհապաղ կատարման։ Այն դուրս եկավ նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բացառությունների շարքից։
«Եթե ժամանակին տնտեսվարող սուբյեկտը հնարավորություն ուներ որոշ իրավական և փաստական հանգամանքներ ներկայացնել դատարանին, որի արդյունքում դատարանի մոտ կարող էր հիմնավոր կասկած առաջանալ, թե վարչական ակտի կատարումը չկասեցնելը հետևանք կարող է լինել անձի համար իր իրավունքների պաշտպանությունը պատշաճ չիրականացնելու համար, ապա դատարանը միջանկյալ ակտով կասեցնում էր տեսչական մարմնի ղեկավարի վարչական ակտերը։ Ներկայում այդ խնդիրը չունենք»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարը։
Մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ տեսչական մարմնի կողմից կայացված ակտերը ենթակա են հարկադիր կատարման։ Այս երկու փոփոխությունները տեսչական մարմնի աշխատանքը դարձնում են առավել արդյունավետ։
Խնդիրներ դեռ կան, տնտեսվարող սուբյեկտները, հաշվի չառնելով վերահսկող մարմնի կայացրած օբյեկտների գործունեությունը կասեցնելու մասին վարչական ակտերը, ինչպես նաև կապարակնքման հանգամանքը, օրենքի խախտմամբ շարունակում են իրականացնել իրենց տնտեսական գործունեությունը։ Գարեգին Խաչատրյանը նկատեց, որ թե տեսչական մարմինը և ԴԱՀԿ-ն ունեն հստակ գործիքակազմ վարչական պատասխանատվության միջոց կիրառելու համար, սակայն, ըստ նրա, դա միանշանակ լուծում չէ։ Խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ։
Տեսչական մարմինը նախորդ տարի ծավալուն վերահսկողական աշխատանքներ է կատարել քաղաքաշինության, հողօգտագործման, տրանսպորտային անվտանգության, էներգետիկայի և էներգասպառման ոլորտներում։
Գարեգին Խաչատրյանը նշեց, որ 2026 թվականը ևս ակտիվ տարի է լինելու։ Հաշվի առնելով ոլորտային ռիսկի գործոնը՝ նախատեսվում է վերահսկողական գործառույթներ իրականացնել խոշոր արտադրական օբյեկտներում։