Քննարկվել է ՀՀ-ի ու ՎԶՄԲ-ի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը

««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկման է ներկայացրել էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Նախարարի տեղեկացմամբ 2025 թվականի հուլիսի 22-ին եւ 23-ին ստորագրված վարկային համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 120 մլն եվրո, որից 96,4 մլն եվրոն է վարկային միջոցներ: 24,101 մլն եվրոն համաֆինանսավորելու է ՀՀ Կառավարությունը: Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվել 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝  2030 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչից:

Վարկի մարման ժամկետը 21 տարի է, որից արտոնյալը՝ 9 տարի: Վարկի մարումները կատարվելու են հավասարաչափ կիսամյակային վճարումներով, առաջին մարումը կատարվելու է 2034 թվականի հունիսի 1-ին, իսկ վերջինը՝ 2045 թվականի դեկտեմբերի 1-ին: Վարկի սպասարկման եւ մարման արժույթը եվրո է, իսկ վարկի տոկոսադրույքի տեսակը՝ լողացող: Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին եւ դեկտեմբերի 1-ին: Միանվագ կոմիսիոն վճարը վարկի գումարի 0.25 տոկոսի չափով է, որը պետք է վճարվի ոչ ուշ, քան համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում: Տոկոսադրույքի ռիսկը կառավարելու համար վարկառուն հնարավորություն ունի փոխել լողացող բազիսային տոկոսադրույքը դրան համարժեք ֆիքսված տոկոսադրույքի:

Գեւորգ Պապոյանի խոսքով ծրագիրն ուղղված է Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելուն ամենաքիչը 7 կլաստերներում, ընթացքում կարող են նոր կլաստերներ եւ գործիքներ ավելանալ: Նախատեսվում է, որ կամբողջանա Գորիս զբոսաշրջային կլաստերը: Երկրորդն Արենին է, երրորդը՝ Եղեգիսը, չորրորդը՝ Ջերմուկը: Հաջորդում են Գյումրին, Դիլիջանը, Դվինը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Գրիգորյանը:

Համաձայնագիրը քննարկվել է փետրվարի 10-ի ԱԺ հերթական նիստում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն