arm.sputniknews.ru Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի՝ ավելի քան 1 տար տևած «դատավարությունն» այսօր ավարտվեց։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նախագահող դատավորն այսօր հայտարարել է դատական նիստի ավարտի մասին, դատական կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։
Բաքվի ռազմական դատարանում վերջին նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի պաշտպան Էմիլ Բաբիշովը հայտարարել է, որ կտրականապես համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ։ Նա հրաժարվել է պաշտպանական ելույթից՝ շեշտելով, որ ընդմիջման ժամանակ խոսել է իր պաշտպանյալի հետ, որը նման դիրքորոշում է հայտնել։
Ռուբեն Վարդանյանն այսօր եզրափակիչ ելույթ է ունեցել։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նշել է, որ կարդացել է Ադրբեջանի քրեական օրենսգիրքը, «ավելի քան երկու տարիների կալանքի ընթացքում նույնիսկ հասցրել է ադրբեջանական պոեզիային ծանոթանալ և այլն»։ Նրա ելույթից որևէ կոնկրետ խոսք, ուղերձ կամ հայտարարություն ադրբեջանական ԶԼՄ-ները չեն մեջբերել։
Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։