Հայաստան մեծ դրամական ներհոսքեր են սպասվում․ վարչապետ | armenpress.am

armenpress.am Առաջիկայում Հայաստան էական դրամական ներհոսքեր են տեղի ունենալու՝ ձևավորելով ներդրումային նոր էկոհամակարգ։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով ԱՄՆ-ից ներդրումների ծավալների վերաբերյալ ընդդիմության քննադատություններին։

Վարչապետը նշեց, որ կառավարությունը երկար ժամանակ քննադատվել է օտարերկրյա ուղիղ ներդրումների պակասի համար, մինչդեռ այժմ հենց նման ներդրումների ներգրավման փուլում է։

«Հիմա, ըստ էության, Հայաստան մեծ դրամական ներհոսքեր են տեղի ունենալու, և ցանկացած երկիր միշտ ցանկանում է, որ գումարներ գան դրսից և տեղում կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ որոշ ոլորտներում մեկ միավոր ներդրումը բերում է լրացուցիչ երկու, երեք կամ նույնիսկ չորս միավոր ներդրում, ինչի արդյունքում ձևավորվում է ներդրումային նոր էկոհամակարգ։

Վարչապետը նշեց, որ ենթակառուցվածքային ծրագրերը չեն սահմանափակվում միայն երկաթուղու կառուցմամբ։

«Երկաթուղին միայն երկաթգիծը չէ․ դա նաև սպասարկման ենթակառուցվածքներն են, այլ ծառայությունները, գերժամանակակից սարքավորումները, ուղևորների և ապրանքների հոսքերի սպասարկումը»,– ընդգծեց նա։

Փաշինյանը նաև խոսեց նոր էլեկտրահաղորդման գծերի, խողովակաշարերի և մալուխների կառուցման մասին՝ դրանք կապելով Հրազդանում կառուցվող նոր սուպերհամակարգչային կենտրոնի հետ, որը նախատեսվում է օգտագործել արհեստական բանականության ոլորտում տարածաշրջանային և միջազգային ծառայություններ մատուցելու համար։

Վարչապետի խոսքով՝ այս բոլոր ուղղությունները փոխկապակցված են զբոսաշրջային հոսքերի աճի և ծառայությունների ընդլայնման հետ։

«Այստեղ ներդրումը բերում է ներդրում։ Տեխնոլոգիական ոլորտում բացված մեկ աշխատատեղը բացում է այլ ոլորտներում երեք, չորս, երբեմն նույնիսկ հինգ աշխատատեղ։ Մենք գործ ունենք հենց այդ նույն էֆեկտի հետ»,– եզրափակեց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն