armenpress.am Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցային ուղիների ապաշրջափակման համատեքստում կա փոխըմբռնում, որ սահմանի այն հատվածները, որով անցնելու են կապուղիները պետք է նախ սահմանազատվեն և սահմանագծվեն:
Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատման գործընթացի հետագա քայլերին՝ մասնավորապես, կապուղիների ապաշրջափակման համատեքստում:
Վարչապետի խոսքով՝ սահմանազատման և TRIPP նախագծի իրագործման հարցում կա լրացուցիչ նրբություն, քանի որ սահմանը երկար է, և սահմանազատումը բնականոն ճանապարհով բավականին երկար կտևի:
Փաշինյանի բնորոշմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները հեռավար աշխատանք են կատարում, տարբեր փաստաթղթերի ու արձանագրությունների նախագծեր են մշակում:
‹‹Իրականում, ամենօրյա աշխատանք է կատարվում: Սահմանազատումը շատ մանրամասն և բարդ գործընթաց է, ինչը շարունակվում է ու շարունակվելու է››,-ընդգծեց վարչապետը:
Խոսելով երկու երկրների միջև սահմանազատման համատեքստում կապուղիների մասին՝ Փաշինյանը նշեց, որ այդ հարցի շուրջ Երևանն ու Բաքուն ունեն փոխըմբռնում:
‹‹Կա փոխըմբռնում, որ այս պարագայում մենք սահմանազատման գործընթացը մի-փոքր այլ կերպ պետք է կազմակերպենք. այն հատվածներում, որտեղ պետք է անցի երկաթուղի, խողովակաշար, էլեկտրահաղորդման գիծ, այդ հատվածում, ենթադրենք, պետք է 500 մետր լայնությամբ տարածք, մենք 1.5 կմ առնվազն պետք է նախ սահմանազատում և սահմանագծում անենք, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ կասկած չլինի, միլիմետրի ճշգրտությամբ սահմանը ճշտենք, նոր իրականացնենք կապուղիների հետ կապված հարցերը››,-ասաց վարչապետը: