Փաշինյանն անընդունելի է համարում Հայ առաքելական եկեղեցու` քաղաքականությամբ զբաղվելը | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը անընդունելի է համարում, որ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներն ու սպասավորները զբաղվեն քաղաքականությամբ։ Այս մասին վարչապետն ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ։ Մենք նախորդ շրջանում, ցավոք, տեսել ենք անընդհատ դրսևորումներ, որ եկեղեցին ոչ միայն փորձում է դիրքավորվել` որպես պետություն՝ պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետություն՝ պետության մեջ։ Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ներքաղաքական կյանքի մասնակից պետք է չլինի։ Երբ Կտրիճ Ներսիսյանը ժամանակին խոսում էր կառավարության, իմ հրաժարականի մասին, այստեղ ես չեմ հարցը, քաղաքական գործընթացներն են, ասեցինք լավ, ոչինչ, պետք է լինել հանդուրժողական, արդեն սկսեցին այլ եպիսկոպոսներ քաղաքական հայտարարություններ անել և ինչ եղավ՝ Բագրատ Գալստանյանը սկսեց քաղաքական շարժում Մայր Աթոռում ունեցած քաղաքական խորհրդակցություններից հետո և դրա արդյունքում։ Այդ քաղաքական գործընթացը ժողովրդավարական երկրում և միջավայրում տեղի ունեցավ և մարեց, այսինքն՝ մերժվեց հանրության կողմից։ Այս ամեն ինչը չի կարող մնալ առանց հետևանքի, որովհետև խոսքը մեր պետության ինքնիշխանության և անվտանգության մասին է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց՝ այս խնդիրների լուծման համար կարևոր է եկեղեցու բարենորոգման օրակարգը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների բարեվարքության, ֆինանսական թափանցիկության, հաշվետվողականության մեխանիզմներ պետք է լինեն։

«Ունենք ինֆորմացիա, որը ճշտման փուլում է, որ ՀԱԵ ձևաչափերով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ՝ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու համար։ Բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն, ուրիշ բան են քաղաքական հայացքներն արտահայտելու միջոցները և ձևերը։ Պատարագի խորանն օգտագործել քարոզների ժամանակ քաղաքական քարոզ անելու համար՝ սրբապղծություն է։ Հիսուս Քրիստոսի և նրա դավանած արժեքների մասին է պատարագը։ 2020 թվականից ի վեր գրեթե բոլոր եկեղեցիներում քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ռադիկալ տեքստեր։

Աշխարհում շատ երկրներում կան նաև ծայրահեղական իսլամի դրսևորումներ, որոնց դեմ միջազգային հանրությունը ստիպված է պայքարել։ Ոչ ոք չի ասում՝ ո՞նց կարող է հոգևորականը պլանավորել, որ ՀՀ մի մասի կամ մայրաքաղաքի էլեկտրամատակարարումը դադարեցվի, սաբոտաժ անի, խոսի մարդկանց պատերի տակ գնդակահարելու մասին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետն ընդգծեց, որ եկեղեցու բարենորոգման համար անհրաժեշտ է հանրության աջակցությունը և ինքը պատրաստ է գնալ այդ ճանապարհով այնքան, որքան կպահանջվի։

Հիշեցնենք, որ 2025թ. մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տարբեր գրառումներ է կատարել Հայ առաքելական եկեղեցու սպասավորների վերաբերյալ, այնուհետև սկսել պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը՝ նշելով, թե վերջինս խախտել է կուսակրոնության ուխտը, ուստի՝ իրենք նրան չեն համարում Ամենայն Հայոց Կաթողիկոս: 2025թ. հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ սկսում են «վեհարանը ազատելու գործընթաց»: Ապա Փաշինյանը, ինչպես նաև նրա կողմնակիցները տարբեր եկեղեցիներում սկսեցին մասնակցել կիրակնօրյա պատարագներին՝ մեկնարկելով Հովհաննավանքից, որի քահանան՝  Տեր Արամը (ավազանի անունը՝ Ստեփան Ասատրյան), կարգալույծ էր արվել: Մինչ օրս գրեթե ամեն կիրակի Փաշինյանը և նրա կողմնակիցները մասնակցում են կիրակնօրյա պատարագների, որոնք անցկացնում են քահանաներ, որոնք կա՛մ կարգալույծ են արվել Հայ առաքելական եկեղեցու կողմից, կա՛մ պատարագի ընթացքում չեն հնչեցնում Գարեգին Բ-ի անունը: Փաշինյանը 2025թ. դեկտեմբերի 4-ի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իրենք մասնակցում են միայն այն պատարագներին, որոնց ընթացքում չի հնչում Գարեգին Բ-ի անունը՝ չհերքելով տեղեկությունը, որ ԱԱԾ աշխատակիցները (և ոչ միայն) մինչ իրենց՝ պատարագի գնալը խոսում են քահանայի հետ և տեղեկացնում իրենց վերաբերմունքի մասին:

Իշխանական լրատվամիջոցներում հրապարակված նամակի համաձայն՝ Հայ առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ, որոնք ավելի վաղ հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, պահանջել են և ներկայում էլ շարունակում են պահանջել Գարեգին Բ-ի հրաժարականը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն