armenpress.am Հայաստանից Վրաստանի տարածքով դեպի Ադրբեջան երկաթուղային կապը բաց է և գործում է անխոչընդոտ, սակայն հայկական բիզնեսը դեռ ամբողջությամբ չի արձագանքել այդ հնարավորությանը։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած քննարկումներին։
Նա նշեց, որ խոսակցություններում կարևոր տնտեսական բովանդակություն է ձևավորվել։
Վարչապետի խոսքով՝ քննարկվել են այն տնտեսական նախագծերը, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել երկու երկրների համար, այդ թվում՝ երկկողմ առևտրի հարցերը։
«Բոլորս գիտենք, որ Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղային կապ գործում է և անխոչընդոտ է գործում։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը նույնպես բաց է»,– ընդգծեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ ունի տպավորություն, որ հայկական բիզնեսը դեռևս լիարժեք չի «մարսել» այդ լուրը։
«Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղային կապ գործում է և անխոչընդոտ է գործում, բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը նույնպես բաց է, և ես տպավորություն ունեմ, որ մեր բիզնեսը դեռևս չի մարսել այդ լուրը, որովհետև ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողները արդեն պիտի մտածեն արտահանումների մասին»,- ասաց Փաշինյանը։