armenpress.am Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ենթադրում են Հայաստանի՝ առնվազն 99 տարի որպես անկախ և ինքնիշխան պետություն գոյություն ունենալը։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի երկարաժամկետ ներդրումային ծրագրին և դրա տրամաբանությանը։
Վարչապետը պարզաբանեց, որ ծրագրի շրջանակում ներդրումային և բաժնեմասերի հարաբերակցությունը ժամանակի ընթացքում փոխվելու է։ Նրա խոսքով՝ համաձայն պայմանավորվածության՝ առաջին 49 տարիների ընթացքում հարաբերակցությունը կլինի այլ, իսկ 50 տարի անց Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը կհասնի 49 տոկոսի։
«Հաշվարկը շատ պարզ է․ մարդիկ միլիարդավոր ներդրումներ են անում, այդ ներդրումները պետք է հետ գնվեն, պետք է լինի նաև շահույթ։ Ցանկացած ներդրող ուզում է ունենալ երաշխիքներ, որ իր գումարները որոշակի շահույթով հետ կվերադառնան, հակառակ դեպքում ներդրում չի արվի»,– նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ սկզբում թիմում որոշակի վերապահումներ են եղել 50 և 99 տարվա ժամկետների վերաբերյալ, սակայն հետագայում հարցին այլ դիտանկյունից են նայել։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությունում առնվազն 99 տարով իրականացնում է ներդրումային ծրագիր։ Սա նշանակում է, որ աշխարհի թիվ մեկ գերտերությունը ասում է՝ Հայաստանը 99 տարի լինելու է անկախ, ինքնիշխան պետություն, լինելու է խաղաղ, և այստեղ լինելու է նորմալ ներդրումային միջավայր»,– ասաց նա։
Փաշինյանը ընդգծեց, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ դժվար է գտնել մի փուլ, երբ երկիրը իր առջև ունեցել է 99 տարվա հստակ պլանավորում։
«Ես չեմ տեսնում մեր նախորդ պատմության մեջ մի ժամանակաշրջան, երբ մենք մեր առջև ունեցել ենք 99 տարվա հեռանկար, և այդ 99 տարվա պլանը մենք գծագրել ենք աշխարհի թիվ մեկ գերտերության հետ»,– նշեց վարչապետը՝ հավելելով, որ սա ամբողջությամբ համահունչ է պետականության հարատևության օրակարգին, որը կառավարությունը որդեգրել է 2018 թվականից։
Ավելի վաղ հրապարակված «TRIPP»-ի իրականացման շրջանակի համաձայն՝ հայ-ամերիկյան համատեղ ընկերությունը նախատեսում է կառուցել երկաթուղի, ավտոմայրուղի, էներգամատակարարման գծեր և այլ ենթակառուցվածքներ տարանցիկ միջանցքի երկայնքով, ինչպես նաև առնվազն 49 տարի կառավարել դրանք և գանձել ստացվող եկամուտները։
Ըստ նույն շրջանակի՝ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել TRIPP զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմասը՝ իրեն պահելով 26 տոկոսը։ Սպասվում է, որ պայմանավորվածությունը հետագայում կերկարաձգվի ևս 50 տարով, ինչի արդյունքում Հայաստանի կառավարության բաժնեմասը կհասնի 49 տոկոսի։