ԱԺ-ն ընդունեց ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար պետական տուրքի արտոնություններ սահմանող օրենքը | 1lurer.am

1lurer.am  ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Օրենսդրական փոփոխությամբ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար սահմանվում են արտոնություններ՝ դատական ատյաններում իրենց իրավունքների պաշտպանությունը լիարժեք և մատչելի դարձնելու նպատակով:

Գործող կարգավորումներով՝ բռնության ենթարկված անձինք պետական տուրքից ազատված էին միայն պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով: Սակայն փորձը ցույց է տալիս, որ բռնություն գործադրած անձինք հաճախ վարչական դատավարության կարգով բողոքարկում են ոստիկանության կիրառած պաշտպանության միջոցները (նախազգուշացում կամ անհետաձգելի միջամտություն): Նման դեպքերում տուժողները ստիպված էին լինում վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս վճարել պետական տուրք՝ չունենալով արտոնյալ պայմաններ:

Սա լրացուցիչ ֆինանսական և հոգեբանական բեռ էր արդեն իսկ խոցելի վիճակում գտնվող անձանց համար: Վիճակագրությունը փաստում է խնդրի սրությունը. «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի տվյալներով՝ 2021-2025թթ. ընթացքում 324 անձ դատարան չի դիմել բացառապես գումար չունենալու պատճառով:

Ընդունված օրենքով պետական տուրքի վճարումից կազատվեն ընտանեկան բռնության ենթարկված այն անձինք, ովքեր դատարան են դիմում հետևյալ հարցերով.

Բողոքարկման գործընթացներ. Նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ:

Ընտանեկան հարցեր. Ամուսնալուծության վերաբերյալ հայցեր:

Երեխաների իրավունքներ. Ծնողական իրավունքների իրականացման, երեխայի բնակության վայրի որոշման, տեսակցության կարգի սահմանման և երեխայի խնամքին ու դաստիարակությանն առնչվող հայցեր:

Կարգավիճակի հստակեցում. Հայրությունը որոշելու, ծնողական իրավունքները սահմանափակելու կամ դրանցից զրկելու վերաբերյալ հայցեր:

Նախագիծը մշակվել է՝ հիմնվելով ոլորտի ՀԿ-ների առաջարկների և միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW) հանձնարարականների վրա:

«Արդեն իսկ ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում գտնվող բռնության ենթարկված անձինք հայտնվում էին կրկնակի անբարենպաստ պայմաններում: Ֆինանսական ծախսերը հաճախ խոչընդոտում էին նրանց դիմել դատարան կամ բողոքարկել դատական ակտերը: Այս փոփոխություններով մենք ապահովում ենք անձի՝ պետությունից արդյունավետ և լիարժեք դատական պաշտպանություն ստանալու իրավունքը»,-նշում է նախագծի հեղինակ Զարուհի Բաթոյանը:

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն