Երեկ Վենսի X-ի պաշտոնական էջում գրառում էր հրապարակվել ԱՄՆ փոխնախագահի և նրա տիկնոջ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու մասին, մի քանի ժամ անց հրապարակումը հեռացվեց: Ավելի ուշ Վենսի աշխատակազմի ներկայացուցիչը Սպիտակ տան լրագրողներին ասել էր, թե գրառումը սխալմամբ է արվել։
«Խորապես հիասթափեցնող է, թեև զարմանալի չէ տեսնել, թե ինչպես է փոխնախագահը ջնջում այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը։ Պատմության ջնջումը անարգում է զոհերին և թուլացնում մեր հանձնառությունը մարդու իրավունքների նկատմամբ ամենուրեք»,- X-ի իր էջում գրել է Փելոսին։
Նրա խոսքով՝ երբ ինքը 2022 թվականին այցելեց Հայաստան որպես խոսնակ, Կոնգրեսի պատվիրակությունը Ծիծեռնակաբերդ այցելեց և հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսեց Հայոց ցեղասպանության մասին, քանի որ ճշմարտությունը կարևոր է։
Փելոսին հիշեցրել է, որ Ներկայացուցիչների պալատը 2019 թվականին մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որը ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը։
«Նախագահ Բայդենը բարոյական առաջնորդություն ցուցաբերեց՝ այն պաշտոնապես ճանաչելով 2021 թվականին՝ դիրքորոշում, որը ամոթալի կերպով չեղյալ հայտարարեց Թրամփի վարչակազմը»,- եզրափակել է Փելոսին։