Ակտիվ գիտություն և մայրություն. ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրներ

Նյութագետ Սոֆիյա Այդինյանը գրեթե ամեն օր Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ է գալիս երկամյա դստեր՝ Լեոնորի հետ։ Գիտնականի աշխատասենյակում երեխայի համար առանձնացված է փոքրիկ անկյուն՝ իր աշխատասեղանի անմիջական հարևանությամբ․ այստեղ են խաղալիքներն ու անհրաժեշտ հարմարանքները։ 

Սոֆիյան մեկն է այն կին գիտնականներից, որոնք երեխայի ծնունդից հետո չեն ընդհատել գիտական կարիերան և համատեղում են  մասնագիտական գործունեությունն ու մայրությունը։

Սոֆիյա Այդինյանը դստեր՝ Լեոնորի հետ

Կանայք՝ մեծամասնություն

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝  հայաստանյան գիտությունում կանայք մեծամասնություն են կազմում․ 2024 թվականին Հայաստանում գիտնականների ընդհանուր թիվը կազմել է 3318, որից 1737-ը՝ կամ 52%-ը կանայք են։ Ստորև կարող եք տեսնել պատկերը՝ տարիների կտրվածքով։

Journal of Scientometric Research ամսագրում 2025-ին հրապարակված հետազոտության համաձայն, որտեղ վերլուծվել են  Web of Science Core Collection շտեմարանի տվյալները, 1991–2021 թվականների ընթացքում հայ կին գիտնականների հեղինակությամբ/համահեղինակությամբ միջազգային հրապարակումների թիվն աճել է մոտ ինն անգամ։ Եթե 1991 թվականին կանանց մասնակցությամբ հրապարակումները նույնիսկ 10%-ի էլ չէին հասնում, ապա 2021-ին կանայք հեղինակել կամ համահեղինակել են Հայաստանից գիտական հրապարակումների շուրջ 27%-ը։ Այս տվյալները վկայում են, որ գիտության մեջ կանանց դերակատարումը մեծացել է։

Ըստ ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թթ․ ռազմավարական ծրագրի տվյալների՝ 2025-ին մինչև 50 տարեկան տիրույթում կին գիտնականների մասնաբաժինը կազմում էր 58.3%։

Կանանց բարձր ներգրավվածությունը գիտության ոլորտում, սակայն, դեռ չի նշանակում, որ մասնագիտական զարգացումը հավասար պայմաններում է ընթանում և՛ կին, և՛ տղամարդ գիտնականնների համար։

Ի՞նչ դժվարությունների են բախվում հայ կին գիտնականները մայրության շրջանում, և որքանո՞վ են համատեղելի գիտական կարիերան ու մայրությունը Հայաստանում։ Այս հարցերի պատասխանները տալիս են հենց իրենք՝ գիտնական մայրերը։

Աշխատասենյակում երկուսով. Սոֆիյա Այդինյանի առօրյան

Դեռ դպրոցական տարիներից Սոֆիյա Այդինյանը երազում էր բժիշկ դառնալ՝ դա համարելով մարդկանց օգնելու ամենաարդյունավետ ճանապարհը։ Երկու անգամ դիմեց Երևանի պետական բժշկական համալսարան, սակայն ի վերջո հայտնվեց Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում։ Սկզբում հիասթափությունն ու սովորելու ցանկության բացակայությունը մեծ էին, սակայն համալսարանում պրոֆեսոր Սուրեն Խառատյանի հետ հանդիպումը փոխեց նրա պատկերացումները քիմիայի մասին։

Գիտության հետ առաջին հանդիպումը պլանավորված չէր. առաջին կուրսում Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի բակում տեսավ՝ ինչպես են փորձ անցկացնում, և զգաց, որ այդ «կախարդական» գործընթացն իրեն դուր է գալիս։

Ժամանակի ընթացքում գիտությունը սկսեց դառնալ ոչ միայն զբաղմունք, այլև միջավայր։ Գիտական ճանապարհին առաջին հաստատուն քայլերն արեց պրոֆեսոր Խառատյանի ղեկավարությամբ։ Կարոտով է հիշում լաբորատորիայում անցկացրած առաջին տարիները՝ համարելով դրանք իր կյանքի ամենաջերմ շրջանը։

«Սարքավորումները հնացած էին, հնարավորությունները՝ սահմանափակ, բայց մեզ այստեղ պահող գլխավոր գործոնը մթնոլորտն էր՝ աշխատասիրությունը և գիտության հանդեպ սերը, որ սերմանել էր Խառատյանը, և որը պահպանվում է մինչ օրս»։

Մագիստրատուրայում սովորելու տարիներին նաև դասավանդում էր դպրոցում՝ համատեղելով ուսումն ու աշխատանքը։

Սոֆիյան մասնագիտական ուղին սկսեց որպես գիտաշխատող, իսկ այսօր ղեկավարում է Պինդ ֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի լաբորատորիան։ Այս պահին լաբորատորիայում աշխատում է ավելի քան 20 հոգի, այդ թվում՝ ուսանողներ։ Սոֆիյան ղեկավար պաշտոն զբաղեցնելը համարում է բարդ ու միաժամանակ կարևոր աշխատանքային փուլ։

«Չէի ասի, թե երազել եմ ղեկավար դառնալու մասին։ Պարզապես ընդունել եմ որպես մեծ պատասխանատվություն, որովհետև սա ինստիտուտի ամենահաջողված լաբորատորիաներից մեկն է»։

Սոֆիյան ամուսնացած է արդեն ինը տարի և ունի երեք երեխա։  Ամուսնու հետ ծանոթացավ այն շրջանում, երբ հետդոկտորական ծրագրով գտնվում էր Տալինի տեխնոլոգիական համալսարանում․ որոշել էին իր վերադարձից հետո ամուսնանալ։ Սոֆիան վերադառնալուն պես նաև առաջարկ ստացավ աշխատելու այն լաբորատորիայում, որն այժմ ղեկավարում է։

Այդ տարիներն այնքան էլ հեշտ չէին անցնում, քանի որ Սոֆիայի զինվորական ամուսինը ստիպված էր լինում հաճախ փոխել ծառայության վայրը։ Երբ ծնվեց զույգի առաջնեկը, նրանք դիմեցին Հայաստանում գրեթե չկիրառվող լուծման՝ հայրության արձակուրդի ձևակերպման։

Ըստ գիտնականի՝ օրենսդրական դաշտում խնդիրը դեռևս ունի բացեր․ հիշում է՝ ստիպված եղան դիմելու մի քանի նախարարությունների, մինչև որ կարողացան ձևակերպել արձակուրդը։ 

«Նույնիսկ հասարակության համար դա անընդունելի էր․ մեր շրջապատում, այդ թվում՝ հարազատների շրջանում, շատերը զարմանքով էին ընդունում մեր ընտրությունը․․․ Բա ո՞վ պիտի խնամի երեխային, եթե ոչ հայրը։ Նա նույնպես հավասար ծնող է, և հենց այդ համոզմունքից ելնելով էլ որոշվեց, որ ամուսինս որոշ շրջան կզբաղվի երեխայի խնամքով, մինչ ես կավարտեմ իմ աշխատանքային առաջադրանքները»։

Գիտական աշխատանքն ու մայրությունը համատեղելու հարցում նա մեծ առավելություն է համարում ճկուն գրաֆիկը և տեխնոլոգիական հնարավորությունները. տեսազանգերի միջոցով կարողանում է հետևել Լեոնորին այն դեպքերում, երբ խիստ անհրաժեշտ է ժամանակավորապես դուրս գալ աշխատասենյակից։  Երբ երեխան քնած է, հասցնում է մասնակցել քննարկումներին, շփվել աշխատակիցների հետ և ուսանողներին տալ  հանձնարարություններ։

Սոֆիյային ու Լեոնորին բաժանում է ընդամենը փոքր տարածություն․ ցանկության դեպքում փոքրիկը կարող է հասնել մոր աշխատասեղանին։ Մայրիկը հաճախ է աշխատում երեխայի ներկայությամբ, կատակում է՝ առաջարկել են մի քանի հոդվածներում Լեոնորին որպես համահեղինակ նշել։

«Հաճախ ձեռքիս է նստում, գրկիս։ Իր հետ զրուցում եմ, խոսում, մյուս ձեռքով գրում եմ, քանի որ այժմ իմ աշխատանքում մեծ տեղ են զբաղեցնում հոդվածների, նախագծերի և հաշվետվությունների պատրաստումը։ Կազմակերպչական գործընթացը դարձել է ավելի մեծ, և փորձում եմ, որքան որ հնարավոր է, համակարգչով աշխատելիս պարզապես կողքիս լինի»։

Սոֆյան նաև դասավանդում է Երևանի պետական համալսարանում։ Լեոնորն այս դեպքում մայրիկին չի ուղեկցում, քանի որ դասի ընթացքում փոքրիկը սիրում է խոսել։

Աշխատանքային օրերին երեխայի խնամքը ծնողները կազմակերպվում են համատեղ․ ընդմիջման ժամերին ամուսինն է խնամում։ Սոֆիյայի խոսքով՝ ամուսնու աջակցությունն առանցքային է․ եթե այդ հոգսը չկիսվեր, աշխատանքն ու դասավանդումը համատեղելը պարզապես անհնար կլիներ։ 

Փոքրիկ Լեոնորը մայրիկի աշխատասենյակում (թերթեք բոլոր լուսանկարները տեսնելու համար)

Մինչ Սոֆիայի աշխատասենյակում եմ, լաբորատորիայի աշխատակիցները Լեոնորին տանում են իրենց մոտ, որպեսզի մայրիկը կարողանա հանգիստ զրուցել ինձ հետ։ Սոֆիյայի խոսքով՝ սա գրեթե ամենօրյա պրակտիկա է․ գործընկերները հաճախ են օգնում երեխայի խնամքի հարցում։ Նա ընդգծում է աշխատավայրում ձևավորված ընկերական միջավայրը, որտեղ բոլորը պատրաստ են օգնել, ինչպես նաև տնօրենության մշտական աջակցությունը։

Շրջապատի աջակցությունը Սոֆիյայի կյանքում կարևոր դեր է խաղացել։ Երկրորդ երեխայի՝ որդու խնամքի ընթացքում նրան օգնել են նաև տատիկն ու պապիկը։ Սոֆիյան նշում է, որ, ի տարբերություն Լեոնորի, որդուն ոչ ամեն օր էր լաբորատորիա բերում, բայց այստեղ նրա համար նույնպես ապահովված էին անհրաժեշտ բոլոր պայմանները։

Օրվա ավարտը Սոֆիյայի համար անցնում է ընտանեկան միջավայրում։ Ավագ դուստրը առաջին դասարանում է, և երեկոները զբաղված են դասերով․ գրում են տառեր, կարդում, սովորում թվերը։ Սոֆիյայի խոսքով՝ ընտանիքում պարտականությունները բաժանված են։

«Երբեմն ունենում եմ գործեր, և այդ ժամանակ ամուսինս է զբաղվում երեխայի հետ, բայց ամեն օր ես էլ անպայման մասնակցում եմ։ Չկա օր, որ աղջկաս հետ որևէ բան չանենք։ Խաղը մեր առօրյայի պարտադիր մասն է․ կարևոր է, որ այդ պահերը մնան երեխաների հիշողություններում, որպեսզի հետ նայելով՝ հիշեն մեր՝ միասին անցկացրած ժամանակը»։

Ֆինանսներ և ենթակառուցվածքներ․ հիմնական խնդիրները

Ըստ գիտնականի՝ միջավայրի և մարդկային աջակցության տեսանկյունից Հայաստանը լավ երկիր է, սակայն ֆինանսական ապահովության հարցում իրավիճակը խնդրահարույց է։ Նրա գնահատմամբ՝ երեխայի խնամքով զբաղվելու դեպքում ծնողը փաստացի զրկվում է իր եկամուտից. «Երբ որոշում ես ժամանակ հատկացնել երեխայիդ խնամքին, այլևս աշխատավարձ չես ստանում»։ 

Սոֆիյան օրինակ է բերում Շվեդիան, Էստոնիան, Կանադան և Գերմանիան, որտեղ ծնողները կարող են ընտրել՝ իրենցից ով է զբաղվելու երեխայի խնամքով, և այդ ընթացքում ստանալ խնամքի նպաստ՝ որոշ դեպքերում մինչև վեց ամիս, մեկուկես կամ նույնիսկ երկու–երեք տարի։

«Այդ դեպքում դու չես վախենում ֆինանսական անկայունությունից։ Ծնողներից մեկը կարող է ընտրել մնալ երեխայի հետ՝ առանց եկամուտ կորցնելու»,- ասում է նա՝ հավելելով, որ ծնողական արձակուրդի ընթացքում տրամադրվող նպաստը հաճախ համարժեք է աշխատավարձին։

Սակայն, Սոֆիյայի խոսքով, Հայաստանում խնդիրը միայն ֆինանսականը չէ։ Նրա կարծիքով՝ նույնիսկ ֆինանսապես ապահովված լինելու դեպքում չկա բավարար ենթակառուցվածք, որը հնարավորություն կտա ծնողին լիարժեք վերադառնալու աշխատանքի։

«Չկան պայմաններ, որ, օրինակ, վեց ամսական երեխային տանես մանկապարտեզ և կարողանաս հանգիստ վերադառնալ աշխատանքի։ Ճիշտ է, վեց ամիսը բավարար ժամկետ չէ փոքր երեխային թողնելու համար, գոնե ցանկալի է մինչև մեկ տարեկանը, սակայն նույնիսկ մեկ տարեկան երեխաների համար մենք չունենք պետական հաստատություններ, որտեղ հնարավոր լինի երեխային թողնել և գոնե մեկ տարի հետ չմնալ մասնագիտական ոլորտից»։

Սոֆիյայի դեպքում երեխայի ծնունդը համընկավ մասնագիտական ծանրաբեռնվածության հետ․ նա ղեկավարում էր երեք խոշոր նախագիծ, նրան վստահվել էր նաև լաբորատորիայի ղեկավարումը։ 

«Ես խնդրեցի մի փոքր սպասել, բայց պատասխանն այն էր, որ արդեն ժամանակն է։ Այդ իրավիճակում այլընտրանք գրեթե չի լինում․ կա՛մ պետք է չվերադառնալ աշխատանքի, կա՛մ փորձել տարբեր լուծումներ գտնել՝ դայակ վարձել, փոխել բնակության վայրը, ամբողջությամբ վերակազմակերպել առօրյան։ Մեր ընտանիքը նույնիսկ փոխել է բնակության վայրը՝ ինստիտուտին մոտ լինելու համար, որպեսզի կարողանամ ընդմիջումների ընթացքում տուն գնալ, տեսնել երեխաներին և վերադառնալ աշխատանքի»։

Թեև Սոֆիյայի դեպքում խնդիրը լուծվեց երեխային լաբորատորիա բերելով, այնուամենայնիվ գիտնականը դա համարում է ոչ համակարգային լուծում։ Նրա կարծիքով՝ ինստիտուտներում անհրաժեշտ է ունենալ հատուկ մանկական սենյակներ, որտեղ աշխատակիցները կկարողանան մի քանի ժամով թողնել իրենց երեխաներին։ Նա օրինակ է բերում Շվեդիան, որտեղ ինստիտուտների տարածքում գործում են մանկապարտեզներ։

«Դու բերում ես երեխայիդ նույն շենքում գտնվող մանկապարտեզ և հանգիստ գնում աշխատանքի։ Նման մոդելը կարող է արդյունավետ լինել հատկապես Ակադեմիական քաղաքի պարագայում, որտեղ աշխատակիցների և երեխաների թիվը բավարար կլինի համակարգի գործարկման համար։ Այդ գաղափարը ես առաջարկել եմ և կարծում եմ, որ այնտեղ այն կարող է աշխատել»։

Կին գիտնականները՝ ղեկավար պաշտոններում․ Լիլիթ Սահակյանի պատմությունը

Չնայած Հայաստանում կին գիտնականները մեծամասնություն են կազմում, ղեկավար պաշտոններում նրանք շարունակում են մնալ փոքրամասնություն։ Ըստ ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի՝ 2024 թվականի դրությամբ գիտական ղեկավար պաշտոն են զբաղեցրել 442 անձինք, որոնց միայն 30%-ն են կանայք։ Այս ցուցանիշը ներառում է ղեկավար բոլոր մակարդակները՝ ինստիտուտի տնօրենից մինչև բաժնի, լաբորատորիայի, գիտական խմբի և կենտրոնի ղեկավարներ։ Լիլիթ Սահակյանը մեկն է ղեկավար պաշտոն զբաղեցնող կին գիտնականներից:

Լիլիթ Սահակյանը

Լիլիթ Սահակյանը մատը վնասելու պատճառով հրաժարվեց մանկության մեծ երազանքից․ երաժիշտ-դաշնակահար չդարձավ։ Ընդունելության քննություններին պատրաստվելու համար քիչ ժամանակ էր մնացել, և շատ արագ պետք էր նոր ուղղություն ընտրել։ Դպրոցում նա ամենից շատ սիրում էր աշխարհագրության ուսուցչուհուն ու աշխարհագրությունը, և այդպես էլ որոշվեց նրա ապագա մասնագիտությունը․ ընդունվեց և ավարտեց Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։

Այսօր Լիլիթ Սահակյանը Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) տնօրենն է։ Առաջին անգամ Էկոկենտրոն ոտք դրեց ուսանողական տարիներին՝ վստահ լինելով, որ մի օր այստեղ նաև կաշխատի։

«Չորրորդ կուրսում բնապահպանական ուղղությամբ կուրսային աշխատանք ունեինք։ Իմ ղեկավարը երիտասարդ տղա էր, որը մտածել էր՝ եթե ինձ է ընտրել, ուրեմն առանձնապես հետաքրքրված չէ։ Ինձ մի գիրք տվեց ու ասաց՝ կարտագրես, կբերես։ Դա սարսափելի վիրավորեց իմ արժանապատվությունը, և ես սկսեցի որոնել կազմակերպություններ, որոնք իրականացնում են բնապահպանական հետազոտություններ»։

Որոնումները երիտասարդ ուսանողին բերեցին Էկոկենտրոն, որտեղ նա հանդիպեց իր ապագա գիտական ղեկավարին՝ Էկոկենտրոնի հիմնադիր Արմեն Սաղաթելյանին, և 26 տարի առաջ՝ դեկտեմբերի 1-ին, սկսեց աշխատանքը կենտրոնում։

Աշխատանքային առաջին լուրջ հանձնարարությունը գործնական էր․ քարտեզը տվել էին ու ուղարկել դաշտ՝ նմուշառելու։ Ո՛չ քարտեզը բռնելու ձևը գիտեր, ո՛չ էլ նմուշառելու։ Ժամանակի ընթացքում, սակայն, ձեռք բերեց անհրաժեշտ փորձ ու գիտելիքներ։ Լաբորանտ-հետազոտողից գիտական տարբեր աստիճաններով բարձրանալով՝ Լիլիթ Սահակյանը սկզբում դարձավ Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար, հետո՝ գիտության գծով փոխտնօրեն։

Սահակյանը Էկոկենտրոնի ղեկավարումը ստանձնեց 2019-ին, երբ մահացավ հաստատության հիմնադիր Արմեն Սաղաթելյանը։ Պատմում է, որ վաղուց էր որոշված իր տնօրեն դառնալը․ Սաղաթելյանը դրան պատրաստել էր թե՛ Լիլիթին, թե՛ մյուս աշխատակիցներին։ 

«Շատ ենք զրուցել իրար հետ՝ ինչու ես։ Նա ուներ իր հիմնավորումները։ Հիմնականն այն էր, որ, իր կարծիքով, ղեկավարը ճգնաժամային պահերին պետք է կարողանա արագ որոշումներ կայացնել։ Երևի վստահ էր, որ այդ իրավիճակներում ես կկարողանամ արագ մոբիլիզացվել և ճիշտ որոշում կայացնել։ Գործընկերներս էլ որոշեցին, որ ես պետք է տնօրեն դառնամ ու շարունակեմ ղեկավարել Էկոկենտրոնը»։

Լիլիթ Սահակյանն ընդգծում է՝ իրենց մասնագիտությունը ենթադրում է ոչ միայն հետազոտական, այլև ֆիզիկական մեծ աշխատանք։ Անկախ եղանակային պայմաններից՝ մասնագետները պետք է մասնակցեն դաշտային աշխատանքներին։ Նա իրականացրել է բազմաթիվ դաշտային հետազոտություններ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում։ Ասում է, որ թեև այսօր իր աշխատանքը հիմնականում ղեկավարելն ու որոշումներ կայացնելն է և չի կարողանում միանալ թիմին այդ ընթացքում, միևնույն է, իր ամենասիրելի աշխատանքային հատվածը շարունակում են մնալ դաշտային հետազոտությունները։

Լիլիթ Սահակյանի որդին՝ Առնոն, սովորում է երրորդ դասարանում։ Էկոկենտրոնը գիտի հինգ մատի պես ու հաճույքով էքսկուրսիաներ է կազմակերպում դասընկերների համար։ 

«Առնոն դեռ մեկ տարեկան էլ չկար՝ արդեն կարողանում էր ասել՝ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»,- ծիծաղում է Լիլիթ Սահակյանը և հավելում, որ թեև որդին հիմա տարբեր զբաղվածություններ ունի և հատկապես սիրում է ֆուտբոլը, միևնույն է՝ լավ պատկերացնում է, թե ինչ է լաբորատորիան, և ինչ է նմուշառումը։ Գիտական ընտանիքում ծնվելով՝ նա ծանոթ է թե՛ մոր, թե՛ հոր աշխատանքի առանձնահատկություններին և հասկանում է, որ գիտությունը ծնողների կյանքի անբաժանելի մասն է։

Լիլիթ Սահակյանը մայրացավ առավել հասուն տարիքում․ ընդգծում է՝ մայրանալը գիտակցված որոշում էր, Առնոն՝ սպասված երեխա։ Բոլորը գիտեին, որ ինքը երազում է մայր դառնալու մասին, և հատկապես գործընկերները շատ էին ուրախացել։ Առնոյի ծննդյան լուրն իմանալու օրն Էկոկենտրոնում իրական ցնծություն էր տիրել, որի մասին հիշում են մինչ այսօր։ 

Նա աշխատեց մինչև հղիության վերջին օրը․ տարին չափազանց բուռն էր․ համատեղում էր դասախոսությունը, բաժնի ղեկավարի և փոխտնօրենի պարտականությունները։ Այդ նույն տարում նրա առաջին ասպիրանտները պաշտպանում էին իրենց ատենախոսությունները։

Էկոկենտրոնում

«Ի զարմանս իմ ղեկավարի՝ մայրությունն ինձ դուր եկավ․ կարծում էր՝ կարիերիստ եմ»,- ժպտալով ասում է Լիլիթ Սահակյանը։ Մայրությունից հետո աշխատանքի վերադարձը հեշտ չէր, և դրանում իր դերն ունեցավ նաև տարիքը։ 

«Երբ մայրացա, արդեն ինքնուրույն, կայացած մարդ էի, և այդ պատճառով ընտանիքը, որը ստեղծվեց, դարձավ առավել կարևոր օղակ․ շեշտադրումները փոխվեցին»,- նշում է գիտնականը՝ հավելելով, որ այդ փուլում պրակտիկ գիտությունից որոշ չափով հետ էր մնացել՝ գուցե ավելի, քան եթե երիտասարդ տարիքում մայրանար։

Մայրության սկզբնական շրջանում, իր խոսքով, առանձնահատուկ դժվարություններ չունացավ․ վայելում էր այդ ընթացքը և «բերկրանք» բառի իրական իմաստը հասկացավ հենց մայրանալուց հետո։ Նրա համար աշխատավայրում ստեղծված էին բոլոր անհրաժեշտ պայմանները, օգնում էր նաև դայակը։

Դեկրետային արձակուրդից Լիլիթ Սահակյանը չօգտվեց, սակայն ակտիվ գիտությամբ զբաղվել էլ չէր հասցնում։

«Համատեղում էի մայրությունը գիտական գծով փոխտնօրենության հետ․ դա, իհարկե, գիտական աշխատանք է, բայց ոչ ամենապրակտիկ ձևով։ Գիտության մեջ ամեն ինչ արագ է․ այսօր չես կարդացել մասնագիտական հոդված կամ նորություն՝ արդեն երեք ամիս հետ ես մնում։ Այդ փուլում պարզ է, որ չես կարող հավասարվել առավել ակտիվ գիտնականներին»։

Հանրային ընկալումների մասին խոսելիս Լիլիթ Սահակյանը նշում է՝ կնոջը հաճախ տեսնում են առաջին հերթին մոր դերում, ոչ թե ղեկավար պաշտոնում։ Նա հիշում է, որ 20 տարի առաջ մի հարցազրույցի ընթացքում ասել էր՝ կինը պետք է տղամարդուց «տասն անգամ ավելի լինի», որպեսզի իրեն նկատեն։

Այսօր, նրա գնահատմամբ, իրավիճակը փոխվել է։ Սահակյանի խոսքով՝ իրենց կենտրոնում այդ կարծրատիպերը նույնպես հաղթահարվել են․ ղեկավար կազմի ուղիղ կեսը կանայք են, ինչը տարիների ընթացքում ձևավորված գործընթացի արդյունք է։ 

«Էկոկենտրոնում աշխատող տղամարդիկ քիչ են։ Թե՛ տնօրենը, թե՛ փոխտնօրենը կանայք են, վարչասպասարկող անձնակազմն էլ հիմնականում կանայք են։ Երբ Եվրոպայում խոսում են գենդերային հավասարության մասին, մեր տղաները կատակում են՝ մեր կենտրոնում փոքրամասնությունը մենք ենք»:

Ղեկավար օղակներում կանանց թերներկայացվածության խնդիրը լուծելու փորձերից է Բարձրագույն կրթության և Գիտության կոմիտեի՝ կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված մրցույթը, որն առաջին անգամ անցկացվեց 2020-ին և ուներ 15 շահառու։ Մրցույթի նպատակն է նպաստել ղեկավար պաշտոններում կանանց կարողությունների զարգացմանը:

2024 թվականին ծրագիրն անցկացվեց արդեն երկրորդ անգամ՝ ունենալով կրկնակի շատ՝ 31 շահառու։

Այսպիսով՝ թեև ոլորտում կանայք կազմում են մեծամասնություն, խնդիրները շարունակում են մնալ բազմաշերտ։ Սոֆիյա Այդինյանի և Լիլիթ Սահակյանի օրինակները վկայում են, որ կանայք կարողանում են համատեղել գիտությունը և մայրությունը՝ հաճախ սեփական նախաձեռնությամբ և շրջապատի աջակցությամբ լրացնելով համակարգային բացերը։ Միևնույն ժամանակ, ղեկավար պաշտոններում կանանց թերներկայացվածությունը, ինչպես նաև խնամքի ենթակառուցվածքների բացակայությունը շարունակում են մնալ հիմնական խոչընդոտներ։ Դրանք պահանջում են հետևողական պետական քաղաքականություն և խորքային մշակութային փոփոխություններ՝ ապահովելու համար կանանց հավասար հնարավորությունները գիտական և կառավարչական առաջխաղացման ճանապարհին։

Լուսանկարները՝ Ռոման Աբովյանի

Նյութը պատրաստավել է «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացի շրջանակում