Ազգային ժողովը քննարկում է ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը | 1lurer.am

1lurer.am  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Այդ պայմանը խախտելու դեպքում ՀՌՀ անդամի լիազորությունները դադարեցվում են ԱԺ-ն պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 11-ի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին նախագծի քննարկման շրջանակում ներկայացնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի հանդեպ պահանջները:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Հակոբ Հակոբյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով:

«Սա ոչ միայն այն մասին է, թե ինչպես է անկախ կոչվող պետական մարմնի անդամը խախտում Սահմանադրությունն ու օրենքի պահանջը, այլև այն բարոյական գնահատման չափանիշի մասին է, որով պետք է մենք բոլորս դուրս գանք և հանրությանը ներկայանանք»,- ասաց նա:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ նախագիծը կարող էր չհասնել ԱԺ, եթե Հակոբ Հակոբյանն ընդուներ իր սխալը և զերծ մնար նման վարքագիծ դրսևորելուց:

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի համաձայն, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշման նախագիծ էր ներկայացրել, որն Ազգային ժողովի օրակարգ ընդգրկելու հարցին կողմ էր քվեարկել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Նախագծում նշվում է, որ Հակոբ Հակոբյանը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում թույլ է տվել «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն