aravot.am «Ես կարծում եմ, որ կոռեկտության սահմաններից դուրս չեմ եկել, ոչ մեկի կամ քաղաքական որեւէ ուժի չեմ վիրավորել։ Ես խոսել եմ գաղափարախոսությունների մասին, որոնց մասին այսօր մեր մտավորականությունը պարտավոր է խոսել»,- ԱԺ նստաշրջանում ասաց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես)։
Հակոբ Մովսեսը նշեց, որ չի ընդունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նկատառումների մեծ մասը, բայց ասել է, որ ընդունում է ի գիտություն։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Դուք շատ ծանր վիճակի մեջ եք դնում բոլորին, որովհետեւ, երբ Ազգային Ժողովում դուք ընտրվում էիք ՀՌՀ անդամ, հանդես էիք գալիս որպես Հակոբ Հակոբյան, որը խոսում էր օրենքի տառի մասին։ Իսկ այսօր այստեղ այս ամբիոնից դուք լրիվ այլ՝ շատ հետաքրքիր տիրույթում եք հարցը փորձում արծարծել, որն ընդհանրապես կապ չունի այն ամենի հետ, որը վերաբերում է Հակոբ Հակոբյանին։ Հակոբ Մովսեսի հետ կարող ենք խոսել, բանավիճել, բայց դուք այստեղ կանգնած եք ոչ թե որպես Հակոբ Մովսես, այլ որպես ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյան, որը երդում է տվել, որ օրենքի տառը պահելու է»։
Հակոբ Մովսեսն ի պատասխան ասաց․ «Ես ճիշտ հակառակ կարծիքի եմ՝ իմ բարձրացրած թեմաներն են, որ կապ ունեն մեր կյանքի ու իրականության հետ։ Ինչ վերաբերում է ձեր ասածին, իհարկե, ես հանձնաժողովի նիստերի ժամանակ հանձնաժողովի անդամ եմ, բայց իմ տանը, իմ գրասեղանի առջեւ, երբ գրում եմ, ես ես եմ։ Եվ դուք պարտավոր եք ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանին ընդունել նաեւ իբրեւ Հակոբ Մովսես։ Ես այն կարծիքին չեմ, որ կոռեկտության, զսպվածության կոպիտ խախտումներ եմ արել։ Ես խոսել եմ իմ ազգի պատմության մասին, որը ողբերգությունների մի շարան է, եւ իրավունք չունեմ ձեւեր թափելու, ես ասում եմ այն, ինչ մտածում եմ»։