ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 10-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ամերիկյան Shield AI ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության միջազգային բիզնեսի զարգացման և ռազմավարության ավագ տնօրեն Քրիս Բրինքլի գլխավորությամբ:
Հանդիպմանը մասնակցել են նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Shield AI ընկերության՝ Կառավարության հետ կապերի փոխնախագահ Չիպ Բյուրքհալտերը։
ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Մխիթար Հայրապետյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Shield AI ընկերության միջև պաշտպանական ոլորտում արդեն ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով դրա զարգացման մեծ ներուժը։ Նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, իրականացվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում առկա բարձր որակավորում ունեցող ինժեներական ներուժը և պաշտպանական տեխնոլոգիաներում համագործակցության լայն ուղղությունները։
Քրիս Բրինքլինն ներկայացրել է Shield AI ընկերության գործունեությունն ու տեխնոլոգիական լուծումները՝ առանձնահատուկ անդրադառնալով արհեստական բանականության և ինքնավար համակարգերի ոլորտում ընկերության փորձին։ Նա ընդգծել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ նշելով փորձի փոխանակման, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D), ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման պատրաստակամությունը։
Քննարկման առանցքում են եղել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները, ինքնավար ծրագրային հարթակների (autonomy software platform) կիրառումը, փորձի փոխանակումը և գիտահետազոտական ու փորձարարական զարգացման ծրագրերը։
Shield AI-ն ամերիկյան ավիատիեզերական և պաշտպանական տեխնոլոգիաների ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում։ Ընկերությունը մշակում է առաջատար արհեստական բանականությամբ աշխատող ինքնավար լուծումներ, որոնք նախատեսված են տարբեր ռազմական հարթակների համար՝ ներառյալ օդանավերը, անօդաչու թռչող սարքերը, նավերը, արբանյակները և ստորջրյա համակարգերը՝ աջակցելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը և նրա դաշնակիցներին։