civilnet.am Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովի շրջանակում Shield AI ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է համագործակցել ՀՀ կառավարության հետ։ Այդ մասին փետրվարի 11-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Սա ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիական ընկերություն է, որը մասնագիտացած է արհեստական բանականության (AI) և ինքնավար (ավտոնոմ) թռչող սարքերի մշակման ոլորտում։
«Shield AI-ի գործընկերները ևս հանդես եկան հայտարարությամբ՝ ազդարարելով կառավարության հետ համագործակցության նոր փուլի մասին, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի մասով»,- ասաց Հայրապետյանը։
Հայրապետյանի խոսքով՝ Firebird ընկերության ներկայացուցիչները վերահաստատել են, որ Սպիտակ տան կողմից ստացել են իրենց ծրագրի երկրորդ փուլի՝ արհեստական բանականության տվյալների կենտրոնի իրագործման թույլտվությունը։
«Ընդհանուր ծրագրի ներդրումային արժեքը, որը դեռևս նախորդ տարվա ամռանը հայտարարվել էր 500 միլիոն դոլար, ըստ էության, կհասնի 4 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Սրա արդյունքում արդեն Հրազդան քաղաքում NVIDIA և Dell ընկերությունների հետ համատեղ գործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության տվյալների կենտրոն»,- նշեց Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքների առաջին հատվածը կմեկնարկի երկու ամսից. «Գրաֆիկական պրոցեսորները, ամենայն հավանականությամբ, երկու ամսից կլինեն Հայաստանում։ Համենայն դեպս, կարող եմ ասել, որ տվյալների կենտրոնը հենց 2026 թվականից սկսած արդեն իսկ իր գործունեությունը կծավալի»։
Հայրապետյանը նաև հայտնեց, որ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին Հայաստանում կակտիվացվի YouTube-ի դրամայնացումը (monetization)։
Մյուս կողմից՝ «Թումո» ընկերությունը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսում է նոր մասնաճյուղեր բացել Միացյալ Նահանգների տարածքում։