ՆԱՏՕ-ն սկսում է «Արկտիկական ժամապահ» գործողությունը Գրենլանդիայի շուրջ քննարկումների ֆոնին։
Ըստ հայտարարության՝ բազմոլորտ գործունեությունը հետագայում ևս կուժեղացնի ՆԱՏՕ-ի դիրքերը Արկտիկայում և Բարձր Հյուսիսում, քանի որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի մշտական ներկայությունն աճում է։
Գործողությունը հաջորդում է անցյալ ամիս Շվեյցարիայի Դավոս քաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպմանը, որի ընթացքում երկու առաջնորդները համաձայնեցին, որ ՆԱՏՕ-ն պետք է համատեղ ուժերով ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի տարածաշրջանի պաշտպանության համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի ռազմական ակտիվությունը և Չինաստանի աճող հետաքրքրությունը այնտեղ։
Այս գործողությունները, ի թիվս այլոց, ներառում են Դանիայի «Արկտիկական դիմացկունություն» զորավարժությունները, որոնք նախատեսված են տարածաշրջանում դաշնակիցների գործողությունների կարողությունները բարելավելու համար, ինչպես նաև Նորվեգիայի առաջիկա «Սառը արձագանք» զորավարժությունները, որտեղ արդեն սկսել են ժամանել զորքեր Դաշինքի տարբեր երկրներից։
Ֆինլանդիայի պաշտպանության նապարարությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կուժեղացնի զսպումն ու պաշտպանությունը Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող Արկտիկական տարածաշրջանում՝ աջակցելով «Արկտիկական ժամապահ» ծրագրին, որը մեկնարկել է փետրվարի 11-ին՝ Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատարի որոշմամբ։
«Մեր ընդհանուր նպատակն Արկտիկայի տարածաշրջանի անվտանգության բարձրացումն է։ ՆԱՏՕ-ի շրջանակներում այդ նպատակը մենք առաջ ենք քաշել տարբեր համատեքստերում մեր անդամակցության ընթացքում»,- հայտարարել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտտի Հյակկյանենը՝ հավելելով, որ գործողությունը միավորում է դաշնակիցների գործունեությունն Արկտիկական տարածաշրջանում և ձևավորում միասնական գործառնական կառուցվածք։
Նրա խոսքով՝ «կարևոր է Արկտիկական տարածաշրջանը դիտարկել որպես պաշտպանության զսպման ու զարգացման ուղղությամբ ՆԱՏՕ-ի ավելի լայն աշխատանքի մաս»: