2026թ. հուլիսի 1-ից Զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն և հայտարարեն իրենց գործունեության մասին:
Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը սահմանելու մասին» որոշման նախագիծը:
Ըստ հիմնավորման՝ էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը հնարավորություն կտա ապահովել որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև առկա տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը։
Պապոյանը նշեց, որ ըստ էության զբոսաշրջային գործունեության իրավունք կստանան միայն նրանք, ովքեր կգրանցվեն՝ միաժամանակ ընդգծելով, որ դա իրականանալու է բացառապես թվային եղանակով: Գրանցումից հետո կիրականացվի համապատասխան ստուգում, և կազմակերպություններին կտրվեն հավաստագրեր:
«Եթե չի համապատասխանում հավաստագրին, արդեն դա նշանակում է, որ վարչական կամ քրեական պատասխանատվության է ենթարկվում»,- ասաց նախարարը:
Պապոյանը նաև ընմդգծեց, որ սա վերաբերում թե՛ ներգնա, թե՛ արտագնա զբոսաշրջությանը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ ներկայումս զբոսաշրջության ոլորտում առկա է մի իրավիճակ, որը բացասական է ազդում մրցակցային միջավայրի վրա։ Բազմաթիվ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք, մեծամասամբ նույնիսկ առանց պետական գրանցման, զբաղվում են զբոսաշրջային օպարատորի, զբոսաշրջային գործակալի, հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի, զբոսաշրջային տրանսպորատային ծառայություններ մատուցող անձի, զբոսավարի և ուղեկցորդի գործունեությամբ, մատուցում ցածրորակ ծառայություններ, Հայաստանն ու հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում են իրենց կարողությունների ու պատկերացումների շրջանակներում, որպես կանոն, աշխատակիցներ չունեն և աշխատատեղեր չեն էլ ստեղծում, հարկեր չեն վճարում, բնականաբար ծառայություններն առաջարկում են անհամեմատ ավելի ցածր գներով, քան բարեխիղճ գործարարները, որոնք արդեն կանգնած են շուկայից դուրս մղման վտանգի առաջ:
«Խուսափելու ենք բոլոր այն դեպքերից, որոնք մինչև հիմա եղել են: Երբ մարդիկ մի բանի համար վճարել են, բայց ստացել են մեկ այլ բան»,- ընդգծեց Գևորգ Պապոյանը:
Նա հավելեց, որ ոլորտում հաջորդ քայլը լինելու է այն, որ նաև բալային համակարգ ներդրվի:
«Օրենսդրական փոփոխությունը կնպաստի ՀՀ-ում զբոսաշրջային կազմակերպության կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում օրենքով հաստատված սպառողների շահերի պաշտպանությանը, Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տրամադրման վերահսկողության մեխանիզմների ներդրմանը, զբոսաշրջության բնագավառում վիճակագրության բարելավմանը:
Նախագծի ընդունումը կնպաստի զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց պատշաճ, թափանցիկ գործունեության, հավասար մրցակցային դաշտի, ծառայությունների բարձր որակի և տեղեկատվության հասանելիության ապահովմանը։ Նախագծի ընդունմամբ կբարելավվի նաև զբոսաշրջության ոլորտի վիճակագրությունը»,- ասվում է հիմնավորման մեջ:
Նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստին: