Հայաստանն ու ԱՄՆ-ն մոտենում են 1 մլրդ դոլարի ներդրումային շեմին. նախարար | civilnet.am

civilnet.am Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունների կտրուկ ակտիվացման մասին:

«Եթե գումարում ենք այս բոլորը իրար, մենք տեսնում ենք, որ նվազագույնը 1 մլրդ դոլարի մասին ենք խոսում»,- «ՍիվիլՆեթ բիզնեսին» տված հարցազրույցում ասել է Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ նախկինում նման թվերը Հայաստան-ԱՄՆ տնտեսական հարաբերությունների համատեքստում համարվում էին «ուղղակի երազանքի դաշտից»։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարած այցի ֆոնին նախարարը մանրամասն ներկայացրել է սպասվող խոշոր նախաձեռնությունները՝ մատնանշելով TRIPP («Թրամփի ուղի») ենթակառուցվածքային նախագիծը, Nvidia-ի հետ Հայաստանում տվյալների մշակման կենտրոն կառուցելու 500 մլն դոլար արժողությամբ (այն հետագայում աճեց մինչև 4 մլրդ դոլար) ծրագիրը, Որոտանի հիդրոկասկադի արդիականացումն ու ատոմային էներգետիկայի ոլորտում սպասվող համագործակցությունը։ Նրա խոսքով՝ վերջինիս արդիականացման համար արդեն իսկ հայկական բանկերից 120 մլն դոլարի վարկային փաթեթ է հաստատվել։

Դրանցից առանցքայինը, ըստ նախարարի TRIPP երկաթուղային ծրագիրն է: Պապոյանի փոխանցմամբ՝ Սյունիքով Ադրբեջանը Նաիջևանին կապող 43 կիլոմետր երկարությամբ երկաթուղու վերականգնման համար կծախսվի շուրջ 200 միլիոն դոլար։ Ֆինանսավորումն ամբողջությամբ կիրականացվի ամերիկյան կողմից, մինչդեռ Հայաստանը, ըստ նախարարի, կհատկացնի անհրաժեշտ հողատարածքները։

Թեև որոշ մասանգետներ այդ ծրագրի տնտեսական նպատակահարմարությունը կասկածի տակ են դնում ներդրված գումարի վերադարձելիության տեսանկյունից, Պապոյանը մատնանշում է, որ TRIPP-ի ակնկալվող օգուտները զուտ ֆինանսական չեն:

«Սա առաջին հերթին խաղաղության ամենախոշոր գործիքն է։ Այս ծրագիրը Հայաստանի անվտանգությունն ավելի շատ կապահովի, քան տասնապատիկ ավելի զենքը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ծրագրի իրագործմանն ուղղված ակտիվ քայլերը տեսանելի կդառնան արդեն առաջիկա ամիսներին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն