Մենք ուզում ենք՝ ԵՄ առաքելությունը շարունակի մնալ ՀՀ-ում. ԱԽ քարտուղար | news.am

news.am Մենք միշտ հրապարակային և ԵՄ-ի գործընկերների հետ մասնավոր զրույցներում նշել ենք, որ շատ բարձր ենք գնահատում Եվրամիության հետ համագործակցությունը և շատ դրական ենք գնահատում նաև առաքելության տեղակայումը Հայաստանում, որովհետև մենք համոզված ենք, որ առաքելությունը իր դրական ազդեցությունն է ունեցել կայունության գործոնի տեսանկյունից և նաև նպաստել է, որ տարածաշրջանում և կայունություն լինի, ինչպես նաև սահմանային համայնքների բնակչության մոտ վստահություն լինի կայունության և անվտանգության նկատմամբ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Կարող եմ ասել, որ նրանք դրական ազդեցություն են ունեցել, բայց նաև կարևոր դեր է ունեցել Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները խաղաղության հաստատման, ինչպես նաև նախագահ Թրամփի գործոնն է կարևոր եղել խաղաղության հաստատման գործում։ Կարելի է ասել, որ խաղաղությունը և կայունությունը համաստեղություն է եղել, ամեն մեկը իր ազդեցությունն է ունեցել, և հիմնականում դրական ազդեցություն են ունեցել բոլորը»,- ասաց նա։

Հարցին՝ արդեն կա՞ պատկերացում, թե հետագայում ինչպիսին է լինելու ԵՄ առաքելության աշխատանքը, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Մի բան հստակ է, մենք ուզում ենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում։ Գիտեք, որ խաղաղության պայմանագրի շրջանակներում մենք համաձայնություններ ունենք, դեռևս պետք է ստորագրվի և վավերացնվի, որպեսզի ուժի մեջ մտնի, հասկանանք, թե ինչպես ենք առաջ շարժվում այդ մասով։ Բայց միանշանակ է, որ մենք ուզում ենք առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում, և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ։

Հետագա համագործակցության ձևերը քննարկման փուլում են, կքննարկենք, կհասկանանք, թե ինչպիսի գործունեության շրջանակում մենք կարող ենք համագործակցել։ Մենք կհասկանանք, թե ինչպես կարող ենք անել, բայց դա նաև կախված է խաղաղության պայմանագրի վավերացումից»,- ասաց նա։

Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, որն ավարտում է աշխատանքը Հայաստանում, հայտարարել է, որ այս պահին ժամկետի ավարտից հետո առաքելությունը շարունակելու քննարկում չկա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն