Տեսականորեն՝ գրավիչ, գործնականում՝ խոցելի․ ժողովրդավարությունն առանց փորձագիտական կարծիքի | Հանրագիտ

Հնարավո՞ր էր հանրային քվեարկության դնել այն հարցը, թե կորոնավիրուսի դեմ որ պատվաստանյութն է անվտանգ և ամենից արդյունավետ, կամ կարո՞ղ է քվեարկությամբ որոշվել՝ Հայաստանն ունի՞ նոր ատոմակայանի կարիք, թե՞ կարելի է եղածը վերազինել։

Ժողովրդավար համակարգերում, իհարկե, մեծամասնության ձայնը կարևոր է, սակայն կան հարցեր, որոնց պատասխանները կարող են տալ միայն գիտությունն ու փորձագետները։ Վերը թվարկված հարցերը, կհամաձայնեք, այդպիսիք են։

Մինչդեռ, փիլիսոփայության մեջ կան տեսություններ, որոնք հակառակն են պնդում․ ժողովրդի մեծամասնության կարծիքի ճշմարիտ լինելն ավելի հավանական է, քան փորձագետներինը, կամ, եթե կուզեք, Vox Populi, Vox Dei («Ձայն բազմաց, ձայն Աստծո»):  Որոշ նման տեսություններ հիմնված են մաթեմատիկական թեորեմների վրա։

Բայց նշված տեսությունները, մաթեմատիկայի սահմաններից դուրս գալով, արդյո՞ք կիրառելի են դառնում իրական կյանքում։ Այս հարցերն է իր նոր հոդվածում քննարկում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Արշակ Բալայանը։

Ժողովրդավարական համակարգերն ու մեծամասնության կարծիքը

Արշակ Բալայանն «Ինֆոքոմի» հետ զրույցում բացատրում է՝ հասարակագիտական գրականությունը տալիս է ժողովրդավարության օգտին հիմնականում երկու՝ բարոյագիտական և քաղաքական փաստարկներ։ Բարոյագիտական փաստարկներն ասում են՝ բոլոր մարդիկ հավասար են և պետք է հավասար հնարավորություն ունենան քաղաքական միջավայրի վրա ազդելու, ունենան հավասար իրավունքներ և հետևաբար՝ հավասար քվե։ Հենց այստեղից է գալիս ազատ և պարբերական ընտրությունների միջոցով հանրության համար կարևորագույն հարցերը որոշելու հրամայականը։

Արշակ Բալայանը

Մյուս կողմից՝ կան քաղաքական փաստարկներ, ինչպես օրինակ՝ ժողովրդավարությունը ավելի կայուն համակարգ է, ժողովրդավարությունը հնարավորություն է տալիս խաղաղ կերպով իշխանությունը փոխանցելու մեկից մյուսին։ Սրանք համարվում են առավելություններ քաղաքական այլ համակարգերի նկատմամբ։

Գիտելիքի խնդիրը․ մեծամասնությունը գիտի՞ ամեն ինչ

Մեծամասնության կարծիքի վրա հիմնվելը ժողովրդավարության հիմքն է, և հետևաբար, ինչպես գրում է հոդվածի հեղինակը, ժողովրդավար համակարգերի հաջողությունը կախված է ընտրությունների որակից։ 

Մյուս կողմից՝ մեծամասնության կարծիքը միշտ չէ, որ կարող է բերել որևէ պետության համար ճիշտ որոշումների, քանի որ ժողովրդավարական համակարգերում կա գիտելիքի խնդիր։ Շատ հարցերում ողջախոհությունն ու առողջ դատողությունը բավարար չեն, և կա մասնագիտական գիտելիքի կարիք։

«Առնվազն Պլատոնից սկսած՝ մտավախություն է եղել, որ երբ մենք հնարավորություն ենք տալիս բոլորին մասնակցելու ընտրություն կատարելուն, քաղաքական հարցեր որոշելուն, ամենայն հավանականությամբ սխալներ թույլ կտանք։ Ինչո՞ւ։ Գաղափարը շատ֊շատ պարզ է․ եթե մարդիկ բավարար տեղեկություններ չունեն երկրի վիճակից, հասարակագիտությունից, երբեմն նաև բնագիտությունից, ապա մարդկանց ներդրումը որոշումների կայացման գործում կարող է արժեքավոր չլինել»։

Գիտնականն առաջարկում է պատկերացնել գործնական մի խնդիր․ օրինակ՝ պետք է կառուցել հողմաէլեկտրակայան։ Նրա խոսքով, որքան էլ, օրինակ, 10 հազար պատահական մարդու ընտրելու հնարավորություն տանք, եթե նրանց թվում չկան համապատասխան մասնագետներ, նրանց գիտելիքը չի բավարարի մեծամասնական ընտրության միջոցով օպտիմալ որոշում կայացնելու, և այս հարցում փորձագիտության կարիք կա։

Փորձագետներ և փորձագիտական մարմիններ

Այսպիսով՝ այնտեղ, որտեղ մեծամասնությունը չի կարող որոշում կայացնել, օգնության են հասնում փորձագետներն ու փորձագիտական մարմինները։ Իսկ ովքե՞ր են փորձագետները, և որո՞նք են փորձագիտական մարմինները։

Արշակ Բալայանը պարզաբանում է՝ այս հետազոտության համատեքստում փորձագետներ են համարվում նրանք, ովքեր որևէ ոլորտում ունեն մարդկանց գերակշիռ մասից անհամեմատ ավելի շատ գիտելիքներ։ Այդպիսիք են, առաջին հերթին, գիտնականները, սակայն կարևոր է շեշտել՝ ամեն մեկն՝ իր գիտակարգում։

«Մեկը կարող է փորձագետ լինել արվեստի պատմության ոլորտում, բայց փորձագետ չլինել քաղաքագիտության ոլորտում, կամ մեկը կարող է բարձրակարգ բնագետ կամ մաթեմատիկոս լինել, բայց քաղաքագիտության ասպարեզում առանձնապես գիտելիքներ չունենալ, և հակառակը»։

Փորձագետների ամենացայտուն օրինակը գիտնականներն են։  Սակայն փորձագետ լինելու համար ամենևին պարտադիր չէ գիտնական լինել։ 

«Մեքենաների վաճառքի փորձագետ ո՞վ կլինի,- հարցնում է Արշակ Բալայանն ու շարունակում․- Նա, ով վերջին տարիներին մաս է կազմել շուկային, ուսումնասիրել է շուկան, գիտի տվյալ պահին մարդկանց նախընտրությունները, մտավախությունները, շուկայի վրա ազդող գործոնները և այլն»։

Հետևություն՝ փորձագետ լինելու համար ամենաէականը որևէ ոլորտում կուտակած գիտելիք ու փորձ ունենալն է։

Սա՝ փորձագետների մասին։ Իսկ որո՞նք են փորձագիտական մարմինները։ Այդպիսիք են, օրինակ, այն կառույցները, որոնք կառավարություններին մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում՝ կենտրոնական բանկերը, սահմանադրական դատարանները կամ հենց սովորական դատարանները, որոնք որոշումներ են կայացնում փաստական ապացույցների հիման վրա։

Փորձագիտությունն ընդդե(՞)մ ժողովրդավարության

Ոչ բոլոր տեսաբանները միանշանակ վերաբերմունք ունեն փորձագետների ու փորձագիտական կարծիքի հիման վրա որոշումների կայացման պրակտիկայի նկատմամբ․ որոշ հեղինակներ պնդում են՝ հանրության և քաղաքական որոշումների միջև միջնորդների ավելացումը (հատկապես չընտրված միջնորդների, ինչպիսիք են փորձագետները) մարդկանց զրկում է քաղաքական իշխանությունից և հակաժողովրդավարական է։ 

«Փորձագետները չեն ընտրվում, նրանք հաշվետու չեն մարդկանց, սակայն տիրապետում են հսկայական իշխանության։ Սա, կարծես, խախտում է ժողովրդավարական հավասարության սկզբունքը։ ․․․․ Մի կողմից՝ հասարակությունները դրա կարիքն ունեն տարբեր հրատապ խնդիրներ լուծելու համար, մյուս կողմից՝ վտանգ կա, որ այն ժողովրդավարարական համակարգերը կվերածի տեխնոկրատիաների կամ մարդկանց իշխանությունից կօտարի»,- մեջբերելով նման հեղինակների՝ հոդվածում գրում է Արշակ Բալայանը։

Շատ հեղինակներ էլ պնդում են հակառակը․ եթե հանրությունն ամեն ինչ անում է ինքնուրույն՝ առանց փորձագետների, հակված կլինի վատ որոշումներ կայացնելու։ Այս հեղինակների կարծիքով՝ պարտադիր չէ, որ փորձագետները սպառնալիք լինեն ժողովրդավարության կամ քաղաքական որոշումների լեգիտիմության համար, և փորձագետներին ապավինելն անխուսափելի է, եթե ուզում ենք, որ ժողովրդավարությունները լավ գործեն։ Նույնիսկ կա պնդում, թե «փորձագետները ամենամեծ արժեքն են ժողովրդավարության համար»: 

Վերադառնանք այն հեղինակներին, որոնք գտնում են, որ փորձագիտությունը վնասում է ժողովրդավարությանը։ Գիտական գրականության մեջ երկար ժամանակ քննարկվել է այն հարցը, թե արդյո՞ք, չնայած շատ հարցերում առանձին անհատների անտեղյակությանը, մարդկանց մեծ խումբը կարող է լավ որոշումներ կայացնել։ Եվ ի հայտ են եկել տեսություններ, որոնք, հիմնվելով մաթեմատիկական մոդելների վրա, դրական պատասխան են տվել այդ հարցին։ Մինչ կքննարկենք, թե որքանով են այդ մոդելները կիրառելի իրական կյանքում, ծանոթանանք դրանցից երկուսին։

Մեծամասնությունը գրեթե միշտ ճի(՞)շտ է

Այս տեսություններից առաջինն ապավինում է Կոնդորսեի ժյուրիի թեորեմին։ Հեղինակն է Նիկոլա դը Կոնդորսեն, որը թեորեմն ի սկզբանե մտածել է դատարանում ժյուրիի անդամների կողմից որոշումներ կայացնելու գործընթացը բացատրելու համար։ Դատարանում ժյուրիի անդամների ընտրությունը երկու տարբերակների միջև է․ անձ մեղավոր է, անձն անմեղ է։ Իսկ ինչպե՞ս վստահ լինել, որ ատենակալներն իսկապես ճիշտ որոշում են կայացնում։

«Կոնդորսեն ասում էր՝ եթե 50%-ից մի փոքր ավելի հավանական է, որ յուրիի անդամներից յուրաքանչյուրը ճիշտ պատասխան կտա, այսինքն ճիշտ կորոշի՝ անձն իսկապե՞ս մեղավոր է, թե՞ մեղավոր չէ, ապա որքան շատ լինեն ժյուրիի անդամները, այնքան մեծանում է հավանականությունը, որ նրանք մեծամասնական ընտրությամբ ճիշտ որոշում կկայացնեն։ Օրինակ, եթե կա 3 հոգի, որոնցից ամեն մեկն ունի ճիշտ որոշում կկայացնելու 51% հավանականություն, ապա այդ 3-ի՝ մեծամասնական ընտրությամբ ճիշտ որոշում կայացնելու հավանականությունը կլինի մոտավորապես 51.5%, բայց եթե կա 13 հոգի, ապա հավանականությունը, որ ճիշտ որոշում կկայացնեն, կլինի մոտավորապես 52.9%: Իսկ այն դեպքում, երբ կա ժյուրիի 10000 անդամ, մեծամասնական ընտրությամբ ճիշտ որոշում կայացնելու հավանականությունը կբարձրանա մինչև 97.6%»։

Մի շարք հեղինակներ ավելի ընդլայնել են Կոնդորսեի թեորեմը՝ այն տարածվելով ժողովրդավար համակարգերում ընտրությունների միջոցով որոշումների կայացման վրա․ եթե ընտրողներից յուրաքանչյուրի դեպքում ճիշտ որոշում կայացնելու հավանականությունն ավելի քան 50% է, ապա, որքան շատ է ընտրողների թիվը, այնքան ավելի մեծ է մեծամասնական ընտրակարգով ճիշտ որոշում կայացնելու հավանականությունը։

Սակայն ժողովրդավար իրականություններում այս պնդումը հանդիպում է մի շարք մարտահրավերների։ Նախ՝ ընտրությունների ժամանակ ոչ միշտ է, որ մարդիկ պիտի ընտրություն կատարեն երկու տարբերակների միջև։ Հայաստանի օրինակով կարող ենք տեսնել, որ ընտրությունը երբեմն 10-ից ավելի կուսակցությունների/թեկնածուների միջև է։

Անգամ եթե լինեն ընտրություններ, որոնց ժամանակ կա երկու թեկնածու, կամ որտեղ դրված է այնպիսի հարց, որին պետք է կողմ կամ դեմ քվեարկել, ապա որտեղի՞ց այն համոզմունքը, թե ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների գերակշիռ մասը միմյանցից անկախ քվեարկելու դեպքում անհատապես 50%-ից մեծ հավանականությամբ ճիշտ որոշում կկայացնի։ Բացի այդ՝ ո՞րն է ճիշտ որոշումը։

«Նույնիսկ եթե մենք պարզեցնենք այս հարցը և ասենք, որ, օրինակ, ավելի լավ կուսակցությունը կամ թեկնածուն նա է, ով կզարգացնի տնտեսությունը, ինչը ենթադրաբար չափելի է, օրինակ՝ բյուջեն կմեծանա․․․․ Նույնիսկ այդ պարագայում չենք կարող վստահ լինել, որ բնակչության գերակշիռ մասը 50%-ից մեծ հավանականությամբ ճիշտ որոշում կկայացնի այն հարցում, թե թեկնածուներից որը կարող է ավելի մեծ չափով նպաստել բյուջեի կամ տնտեսության աճին։ Ինչո՞ւ, որովհետև սա բարդ տնտեսագիտական հարց է»։

Կարևոր է ևս մի հանգամանք․ Կոնդորսեն ասում էր՝ որպեսզի թեորեմն աշխատի, ատենակալները միմյանց վրա պիտի ազդեցություն չունենան, և ամեն մեկը պիտի մյուսներից անկախ որոշումներ կայացնի, մինչդեռ, ըստ Արշակ Բալայանի, հանրության մեջ մարդիկ չեն կարող միմյանց վրա չազդել ու իրարից անկախ որոշումներ կայացնել։

Չնայած թվարկված սահմանափակումներին՝ այս թեորեմը ժողովրդավարական համակարգերի վրա տարածող հեղինակները համոզված են՝ իրական կյանքում բոլոր պայմաններն ապահովված են, որ այն աշխատի։

«Այս պնդումները հիմնավորելու համար հեղինակները կամա-ակամա հայտնվում են տվյալ հասարակության ավելի մանրակրկիտ ուսումնասիրության մեջ, փորձում առանձնացնել հասարակության ինչ֊ինչ յուրահատկություններ՝ ցույց տալու համար, որ չնայած հասարակություններն այնքան էլ նման չեն ատենակալների կարգավիճակում գտնվող մարդկանց, այնուամենայնիվ, թեորեմի կանխատեսումները կիրառելի են նաև ժողովրդավարության պայմաններում»։

Նման տեսակետի կողմնակիցներն, օրինակ, պնդում են՝ հանրությունն իրականում ավելի կոմպետենտ ու տեղեկացված է, քան հարցումներն են ցույց տալիս, քանի որ հարցումներն ունեն էլիտար կողմնակալություններ։ Կամ՝ նույնիսկ իրենց անտեղյակության պայմաններում ոչ մասնագետները կարող են կոմպետենտ քվեարկել՝ հիմնվելով իրենց ավելի տեղեկացված հասակակիցներից ստացած ազդակների վրա։

Արշակ Բալայանին, սակայն, նման պնդումները չեն համոզում։ Նա հիշեցնում է՝ ժողովրդավար համակարգերում կա գիտելիքի խնդիր, և ոչ միշտ են մարդիկ բավարար տիրապետում տարբեր ոլորտներին՝ հասկանալու համար՝ որ որոշումներն են ճիշտ, և որոնք՝ սխալ։ Բացի այդ, հեղինակի խոսքով, հասարակություններում մարդիկ շատ մեծ չափով ազդում են միմյանց վրա, հանրության լայն հատվածներ կրում են ապատեղեկատվության ազդեցությունը և կողմնապահ են։

«Նրանք պարզապես կարող են ընտրել թեկնածուների, որոնց շատ են հավանում, կամ որոնք արտացոլում են իրենց ինքնությունը, ոչ թե այնպիսի թեկնածուների, որոնք, հնարավոր է, ավելի լավ լուծեն հանրության խնդիրները»։

Ի վերջո, գիտնականն այս պնդումներում հակասություն է գտնում ժողովրդավարության հետ․ եթե, համաձայն թեորեմի, վերը հիշատակված պայմաններում մեծամասնությունը գրեթե միշտ ճիշտ է, ապա քաղաքացիները, թվում է, պետք է քվեարկության ավարտից հետո ձեռնպահ մնան ցանկացած տեսակի բողոքի ակցիաներից։

«Հասկանալի պատճառներով նման հետևությունը հակադեմոկրատական է թվում»- գրում է հեղինակը։

Ձայների բազմազանությունն ընդդեմ միատարր փորձագիտության

«Բազմազանությունը հաղթում է կարողությանը»․ այսպես են Լյու Հոնգն ու Սքոթ Փեյջն անվանում իրենց թեորեմը, համաձայն որի՝ երբ որոշումների կայացմանը մասնակցում են համեստ կարողություններ ունեցող բազմաթիվ մարդիկ, նրանք կարող են հանգել ավելի լավ որոշումների, քան ավելի շատ գիտելիքներ և ավելի բարձր կոմպետենցիա ունեցող փոքրաթիվ մարդիկ։

«Գաղափարը հետևյալն է․ եթե բազմաթիվ մարդիկ են քննարկմանը մասնակցում, ապա նրանք, ամենայն հավանականությամբ, կունենան ելակետային դրույթների ավելի մեծ բազմազանություն, խնդիրը լուծելու ավելի շատ էվրիստիկաներ և ավելի շատ հնարներ․ քանակն, ի վերջո, հաղթում է որակին»,- տեսությունը մեկնաբանում է Արշակ Բալայանը։

Ըստ այս տեսության հեղինակների՝ փորձագետներն, իհարկե, առանձին-առանձին վերցրած մեծ կոմպետենտություն ունեն, բայց իրար նման են մտածում։ Սա ենթադրում է, որ երբ բարձր կոմպետենցիա ունեցող մի մարդուն միանա երկրորդը, շատ քիչ հավելյալ արժեք կստեղծվի, քանի որ կարծիքները մեծամասամբ կհամընկնեն։ 

«Այնինչ, մասնագիտական միջին կամ ցածր կարողություններ ունեցող մարդիկ, եթե բազմազան են, ամեն մեկի բերած նորամուծությունը շատ է, և եթե նրանք ունենան բավարար ժամանակ իրար հետ խնդիրը քննարկելու, ապա, ի վերջո, կհանգեն ավելի լավ լուծման, քան եթե մի քանի բարձր կոմպետենտություն ունեցող մարդիկ խնդիրը փորձեն լուծել»,- այսկերպ մտածող հեղինակների հիմնավորումներն է ներկայացնում Արշակ Բալայանը։

Հեղինակը, մի կողմից, գրում է՝ տարբեր հանրային խմբեր ներկայացնող անհատների ներգրավումը քննարկումների մեջ բարոյական և քաղաքական առումով ողջունելի է և կարող է որոշում կայացնողներին օգնել բացահայտելու այնպիսի հարցեր, որոնք այլապես կմնային աննկատ։ Այսպիսին են, օրինակ, փոքր խմբերին վերաբերող խնդիրները։ Մյուս կողմից՝ քաղաքականությունների մեծ մասը, եթե ոչ բոլորը, պետք է հիմնված լինի գիտական տեսությունների, մոդելների ու մանրամասն հաշվարկների վրա։ 

«Լայն հանրությունը, որքան էլ կոգնիտիվորեն բազմազան է, չունի այդ բարդություններն ըմբռնելու համար անհրաժեշտ կոգնիտիվ ռեսուրսներ։ Սա սահմանափակում է նրանց կարողությունը՝ իմաստալից կերպով մասնակցելու համապատասխան խնդիրների լուծման գործընթացներին»,- գրում է նա։

Արշակ Բալայանի խոսքով՝ մեծամասնության կոմից կոմպետենտ որոշումների կայացման օգտին խոսող հեղինակները սովորաբար բերում են կենցաղային, առավելագույնը՝ համայնքային բնույթի օրինակներ։ Մինչդեռ՝ եթե բարդացնենք խնդիները (օրինակ՝ ինչպե՞ս վերազինել գործող ատոմակայանը) և քննարկումներում ներգրավենք անգամ 10 հազար պատահական մարդու, որքան էլ նրանք խորհրդակցեն, դժվար է պատկերացնել, որ, ի վերջո, կհանգեն ճիշտ լուծման։

«Նույնիսկ եթե վերցնենք այնպիսի հարց, որն առաջին հայացքից տարբեր մարդկանց շահեր է շոշափում, օրինակ՝ բյուջեի ձևավորումը, և ասենք՝ դե եկեք զրուցենք, տեսնենք, թե ինչպիսին պիտի լինի երկրի բյուջեն, ի՞նչ հիմքեր կան կարծելու, որ այդ մարդիկ կկարողանան ավելի լավ որոշում կայացնել, քան փորձագետները»։

Բացի այդ՝ այս թեորեմը ենթադրում է, որ խնդիրների քննարկման ընթացքում մարդկանց միջև հաղորդակցությունը ժամանակ ու էներգիա չի խլում, մինչդեռ, Արշակ Բալայանի խոսքով, գործնականում անգամ եթե 50 հոգի սկսի քննարկել, թե ինչպիսին պիտի լինի ոչ թե նույնիսկ որևէ պետության, այլ ընդամենը մի կազմակերպության բյուջեն, քննարկումները կարող են տևել տարիներ։

Ամփոփելով երկու թեորեմները՝ գիտնականը նշում է․ «Տեսականորեն այս մոդելները շատ գրավիչ են, բայց գործնականում դրանք կարող են այնքան էլ կիրառելի չլինել»։ 

Պատճառն, ըստ նրա, այն է, որ մաթեմատիկորեն ճշգրիտ աշխատող այս մոդելները ենթադրում են այնպիսի պայմաններ, որոնք չեն արտացոլում իրականությունը։

Այսպիսով, հեղինակի եզրահանգումն այն է, որ մեծամասնության կարծիքը փորձագետներին ամբողջովին փոխարինել չի կարող։

Փորձագիտությունն անխոցելի չէ

Մինչդեռ, փորձագիտությունն ինքն էլ ունի խնդիրներ, որոնք անտեսել չենք կարող։ 

Նախ, կան ոլորտներ, որոնցում, թվում է, չկան կոմպետենտ մասնագետներ, և փորձագիտական կարծիքին ապավինել հնարավոր չէ։

«Ինչպիսին կլինի, օրինակ, Ռուս-ուկրաինական պատերազմի վիճակը հաջորդ ամիս։ Իհարկե, տարբեր կարծիքներ կան, բայց ըստ որոշ հեղինակների՝ քաղաքական իրադարձություններն այնքան բարդ են, այնքան շատ փոփոխականներ կան, այնքան կախված են այս կամ այն քաղաքական թիմի, իշխանության քմահաճություններից, ցանկություններից, տրամադրություններից, որ որևէ մեկը հիմնավոր կերպով չի կարող կանխատեսել»։

Նրա խոսքով՝ սա այնպիսի հարց է, որին նույնիսկ քաղաքագետները հուսալի պատասխան տալ ու կանխատեսումներ անել չեն կարող՝ անգամ համապատասխան գիտելիքներ ունենալու և տեսական մոդելների տիրապետելու պարագայում։

Ոլորտներ էլ կան, որտեղ փորձագետների խնդիր չկա, սակայն կասկածի տակ է դրվում վերջիններիս անաչառությունը, քանի որ նրանք կարող են ունենալ գաղափարախոսական, կրոնական, քաղաքական, ֆինանսական և այլ շահագրգռվածություններ։ Օրինակ՝ կարող են լինել փորձագետներ, որոնք կախվածություն ունեն կառավարող ուժից, հետևաբար՝ անաչառ չեն։ Նույնկերպ՝ կարող են լինել փորձագետներ, որոնք տնտեսական շահեր ունեն, ինչն ազդում է նրանց դիրքորոշումների վրա։

«Ի՞նչ ստանդարտների պիտի համապատասխանի, ենթադրենք, կաթնամթերքը, ի՞նչ քիմիական նյութեր կարող են լինել կաթնամթերքում, ի՞նչ քիմիական նյութեր չեն կարող լինել։ Սա առանձնապես լայն քննարկման հարց չէ։ Եթե մեզ հարցնեն, կասենք՝ դե, առողջությունը վնասող նյութեր չպետք է լինեն, առողջությանը նպաստող նյութեր պետք է լինեն։ Բայց երբ անդրադառնում ենք կոնկրետ բովանդակությանը, ապա դա նեղ փորձագիտական հարց է․ արդյո՞ք տվյալ նյութը տվյալ չափաբաժնով իսկապես վնասում է մարդու առողջությունը, թե՞ չէ։ Այս հարցին պետք է փորձագետները պատասխանեն։ Բայց փորձագետները կարող են ունենալ տարբեր շահեր՝ այս կամ այն տեսակետը ներկայացնելու, այնպես որ փորձագետներին չափազանց մեծ իշխանություն տալը նույնպես ռիսկային է»։

Գիտնականը մանրամասնում է, որ, օրինակ, թույլատրելի չափաբաժիններ սահմանելու որոշման վրա կարող են ազդել փորձագետների՝ այս կամ այն տնտեսվարողի հետ ունեցած կապերը։

Եվս մեկ կարևոր հարց․ թվում է, թե գիտությունը միշտ տալիս է ճշմարիտ և արժեքային առումով չեզոք պատասխաններ, մինչդեռ գիտությունն ինքնին կարող է սխալական լինել և արժեքային կողմնորոշում ունենալ։ Արշակ Բալայնը ներկայացնում է նույն՝ կաթնամթերքի անվտանգության օրինակը։

«Ի վերջո, փորձագետը պետք է որոշում կայացնի, թե տվյալ բաղադրությամբ սնունդը վնասակա՞ր է, թե՞ չէ։ Նա պիտի ունենա որոշակի շեմ, օրինակ՝ այսինչ բաղադրություն ունեցող նյութը այսինչ պայմաններում պահելու դեպքում 99.9% հավանականությամբ չի վնասի նորմալ առողջություն ունեցող մարդուն։ Նա այստեղ որոշակի արժեքային դիրքորոշում է որդեգրում, որ 0.1% տոկոս հավանականությամբ վնասելը մեծ խնդիր չէ։ Երբեք չենք կարող արժեքային դիրքորոշումից խուսափել, որովհետև հատկապես կիրառական ոլորտում մեր համոզմունքները 100 տոկոսանոց չեն․ միշտ կա չափման սխալանք»։

Մյուս կողմից՝ նա շեշտում է՝ եթե փորձագետների դեպքում սխալանքի ու շեղումների հավանականությունը փոքր է, ապա լայն հանրությանն ապավինելու դեպքում այդ հավանականությունն անգամներով աճելու է։ Հետևաբար, առկա մտահոգություններով հանդերձ, փորձագետներից հրաժարումը կբերի մեծ ռիսկերի։

«Ակնհայտ է, որ կառավարությունները չեն կարող իրականացնել համապարփակ հետազոտություններ հանրային բոլոր ոլորտների և բոլոր նախաձեռնությունների համար։ Որակյալ փորձագիտական խորհրդատվությունը ծախսատար է, և որոշ փուլում լրացուցիչ հետազոտությունները կարող են բերել ավելի շատ ծախսեր, քան օգուտներ։ Հետևաբար՝ կառավարությունները պետք է ընտրություն կատարեն խոհեմ և ժողովրդավարական եղանակով։ Առաջնահերթություն կարող է տրվել կա՛մ առավել վտանգավոր նախաձեռնություններին, կա՛մ հատկապես թանկարժեք նախագծերին, որոնք կարող են ազդեցություն ունենալ բնակչության մեծ հատվածի վրա»,- գրում է հեղինակը։

Փորձագիտությունն անխոցելի չէ

Իսկ ինչպե՞ս անել, որ փորձագիտությունը հնարավորինս զերծ լինի կախվածություններից և ծառայի հանրության շահերին։ Այս համատեքստում Արշակ Բալայանը կարևորում է հաշվետվողականության մեխանիզմների արմատապես ուժեղացումը։

Հեղինակը, մասնավորապես, գրում է՝ որքան էլ կառավարությունները հրապարակում են հաշվետվություններ, կազմակերպում են հանրային լսումներ, թափանցիկության և հաշվետվողականության քաղաքականությունները լրացուցիչ բարելավելու կարիք կա, ինչի համար առաջարկում է հետևյալ քայլերը․

  • հիմնավորել փորձագետների ընտրությունը․ ինչու՞ է տվյալ փորձագետը ներգրավվել կոնկրետ առաջադրանքի համար, կամ եթե փորձագետ չի ներգրավվել, ինչո՞ւ,
  • հրապարակել կառավարությունների և նրանց ներգրաված փորձագիտական մարմինների հավաքագրած չմշակված տվյալները,
  • հրապարակել փորձագիտական խորհուրդներն ու եզրակացությունները, որոնց հիման վրա կառավարությունները կայացրել են իրենց որոշումները,
  • բացահայտել տվյալ խնդրի լուծման այլընտրանքային տարբերակները, որոնք քննարկվել են ինչպես ներգրավված փորձագետների, այնպես էլ կառավարության կողմից։ 

 

Հեղինակի դիտարկմամբ՝ փորձագիտական խորհրդատվության գործընթացի ավելի մեծ թափանցիկությունը կարող է բերել մի շարք առավելությունների։ 

«Առաջին հերթին, դա հնարավորություն կտա բոլոր հետաքրքրված կողմերին հարցադրումներ անելու և քննադատաբար վերլուծելու այն փորձագիտական կարծիքները, որոնք կառավարությունները ստանում են։ ․․․․ Այն նաև թույլ կտա հանրությանը գնահատել, թե որքանով են կառավարությունները հետևում փորձագիտական խորհուրդներին»,- գրում է նա հոդվածում։

Ովքե՞ր են կոմպետենտ վերահսկելու փորձագետներին

Այստեղ, իհարկե, առաջ է գալիս մեկ այլ կարևոր հարց․ արդյո՞ք հանրությունն ունի բավարար կոմպետենտություն՝ վերահսկելու փորձագետներին ու քննադատաբար մոտենալու նրանց հետազոտություններին ու ներկայացրած կարծիքներին։

Այս համատեքստում Արշակ Բալայանը կարևոր է համարում ստեղծել քաղաքացիական հասարակության այնպիսի ինստիտուտներ, որոնք ունեն բավարար ռեսուրսներ և կարող են վերահսկել կառավարության կողմից վարձատրվող և կառավարությանը անմիջականորեն խորհուրդ տվող փորձագետներին։

«Սրա համար, իհարկե, կառավարությունը պետք է աշխատի թափանցիկ ձևով, և թափանցիկությունը պետք է լինի ոչ զուտ պոպուլիստական, ականջահաճո «ֆեյսբուքյան լրագրության» միջոցով, այլ պիտի լինեն բավականին լավ կազմակերպված և թափանցիկ մանրակրկիտ վերլուծություններ, թե [որևէ որոշում կայացնելուց առաջ] ինչպիսին էր երկրի վիճակը, ինչ տարբերակներ կային այսինչ խնդիրը լուծելու, ինչ տարբերակ է ընտրվել, ինչ նկատառումներով, ինչ հույսեր կան առաջիկայի համար։ Եթե այդ ամենը մանրակրկիտ հրապարակվի, լրագրողները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, համալսարանների անկախ փորձագետները, միգուցե ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների անդամները կարողանան կարծիք հայտնել և բացահայտել տվյալ ծրագրի թերությունները, առավելությունները»։

Հայաստանի դեպքում, օրինակ, կառավարության թափանցիկությունն, ըստ գիտնականի, այնքան էլ մեծ չէ, մինչդեռ դա կարևոր է՝ հասկանալու համար, թե կառավարությունն ինչքանով է հետևում փորձագիտական խորհուրդներին և դրանք դնում որոշումների կայացման հիմքում։

«Օրինակ՝ քննարկում ենք առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Բավականին ջանք են թափում, բայց երբ փորձեք գտնել համակարգված տնտեսագիտական հաշվարկներ, առողջապահական ծառայություններից օգտվողների թվի կանխատեսումներ և այլն, կտեսնեք, որ դրանք որևէ տեղ հրատարակված չեն, կամ առնվազն դժվար է գտնել նման տվյալներ։ Նախարարի մակարդակով, խորհրդականների մակարդակով ասուլիսներ են տալիս ժողովրդին իրազեկելու համար, բայց այդ ամբողջական տվյալները նախքան այդ ջանքերը պետք է համակարգված և հանրամատչելի ձևով հրապարակված լինեին, ինչից հետո, կասկած չունեմ, տնտեսագետները, հանրային առողջության մասնագետները և այլ ոլորտների փորձագետներ կփորձեին դրանց մասին կարծիք հայտնել, խորհուրդ տալ, քննադատել կամ սատարել»։

Գիտնականը Հայաստանի դեպքում առանձնացնում է թափանցիկության ևս մի կարևոր օղակ՝ կառավարության մարմինների խորհրդականների գործունեությունը։

«Հասարակությունը պետք է հստակ իմանա ոչ միայն այն, թե այս կամ այն նախարարի, մարզպետի, վարչապետի խորհրդականներն ովքեր են, այլև, օրինակ, այն, թե վերջին ամսվա ընթացքում ինչ խորհուրդ են տվել և ինչ ուսումնասիրություններ են կատարել այդ խորհուրդը տալուց առաջ։ Հակառակ դեպքում մենք ունենում ենք մարդիկ, որոնք ի պաշտոնե խորհրդական են, բայց կատարում են բոլորովին այլ տիպի, երևի թե էլի արժեքավոր աշխատանք, բայց տեղին չէ նրանց անվանել խորհրդական»։

Ժողովրդավարությունն ունի փորձագիտության կարիքը

Հեղինակի եզրահանգումն այն է, որ փորձագետների կարծիքին ապավինելը չի վնասում ժողովրդավարությանը։ Որպես հիմնավորում այս դիրքորոշման՝ նա հոդվածում ներակայացնում է վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս՝ ժողովրդավարական ամենահզոր համակարգերն ավելի բարձր գիտելիքային կապիտալ ունեն։ Դասակարգումներից մեկի համաձայն՝ աշխարհի հինգ ամենահզոր ժողովրդավար պետություններեն են Դանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Գերմանիան։ Ըստ տարբեր վարկանիշային ցուցակների՝ այս երկրներն առաջատար դիրքեր են զբաղեցնում նաև փորձագիտության վրա հիմնվածության ցուցանիշներով։

Արշակ Բալայանը շեշտում է՝ նույն բաց տվյալները ցույց են տալիս նաև, որ թույլ ժողովրդավարությունները և թույլ փորձագիտական համայնքները հաճախ ուղեկցում են միմյանց։ 

Գիտնականի խոսքով՝ փորձագիտության վրա հիմնվելը ոչ միայն չի վնասում ժողովդրավարությանը, այլև հակառակը՝ նպաստում է․ փորձագետներին չապավինելը երբեմն կարող է բերել արատավոր պրակտիկաների։

«Եթե մենք չենք լսում փորձագետներին, ապա տեղ ենք թողնում, որ քաղաքական որոշումների վրա ստվերային ազդեցություն ունենան օլիգարխները, հանցավոր տարրը և ըստ էության, ներկա ղեկավարության քմայքը, քանի որ նրանք կկայացնեն այս կամ այն քմահաճ որոշումը և դա կներկայացնեն որպես հանրության պահանջ՝ ընդդեմ հատուկենտ մարդկանց, որոնք դեմ կարտահայտվեն»։

Փորձագետներին վստահելն, այդկերպ, պաշտպանում է ժողովրդավարությունները պոպուլիզմի մեջ սահելուց՝ ծառայելով որպես զսպումների և հավասարակշռության մեխանիզմ։

***

Արշակ Բալայանի հոդվածը հրապարակվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում վերջերս հիմնադրված Հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնի տարեգրքում։ 

Կենտրոնը Հայաստանում իրականացնում է մի շարք ծրագրեր, այդ թվում՝ հետազոտություններ, անալիտիկ փիլիսոփայության զարգացման, դասավանդման և համալսարանական ենթակառուցվածքների բարեփոխումներին միտված ծրագրեր։ 

Տարեկան պարբերականությամբ գիտական ամսագրի հրապարակումը կենտրոնի նախաձեռնություններից մեկն է։ Սա երկլեզու՝ հայերեն և անգլերեն, բազմադիսցիպլինար ամսագիր է, որի առաջին համարն արդեն լույս է տեսել։ Արշակ Բալայանը նշում է՝ ամսագրում գրախոսությունը կույր է, գրախոսման գործընթացում ներգրավված են նաև միջազգային մասնագետներ։

«Բնականաբար, բոլոր անգլերեն հոդվածները գրախոսվում են միջազգայնորեն։ Մենք ունենք նաև հայերեն հոդվածներ և այդ դեպքում էլ փորձում ենք գրախոսությունը վստահել այնպիսի հեղինակների, որոնք ոլորտի վերաբերյալ աշխատանքներ ունեն, հնարավորության դեպքում՝ ծանոթ են միջազգային գրականությանը, հրապարակումներ ունեն նաև միջազգային ամսագրերում»,- ասում է գիտնականը։

Մի քանի տարի լույս տեսնելուց և բավարար քանակի հրապարակումներ ունենալուց հետո Հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնը պատրաստվում է դիմել ամսագիրը միջազգային հարթակներում ինդեքսավորելու համար, ինչը կօգնի  այն դարձնել միջազգայնորեն ավելի ճանաչելի։

Լուսանկարները՝ Ռոման Աբովյանի

Կարդացեք նաև  «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Արցախից անցում «Արևմտյան Ադրբեջանին»․ Ադրբեջանական ինքնության պահպանման «գինը»»

«Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։