Թույլ չեմ տալու՝ կաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերը դուրս տանեն Հայաստանից․ Փաշինյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Ավստրիայում Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տանելն է: Այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Գնալով ավելի ու ավելի է լրջանում այն տեղեկությունը, որ, իրականում, Հայաստանից դուրս եպիսկոպոսաց ժողով հրավիրելու և այս պրոցեսների խորքային նախաձեռնությունը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կաթողիկոսությունը և Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս հանելն է և որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն է և, որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելը։

Ես դա թույլ չեմ տալու։ Հայաստանը չի պատրաստվում դիտորդի նման հետևել, հակազդեցություն է լինելու շատ կոշտ, բարերարների դիմակի տակ թաքնված` Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքներն ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ»,- ասաց վարչապետը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ․ հունիսի 10-ին առաջարկել է ստեղծել համակարգող խորհուրդ, որը գործուն քայլեր կձեռնարկի կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետը Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ հայտարարելով՝ եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իսկապես խախտել է իր կուսակրոնության ուխտը և երեխա է ունեցել, նա չի կարողանա լինել Ամենայն Հայոց կաթողիկոս։ Եկեղեցականներն էլ իրենց հերթին ՀՀ վարչապետին մեղադրում են հակաեկեղեցական արշավ սկսելու մեջ:

2026 թվականի հունվարի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել «Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ»։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայտարարության տակ ստորագրածները ձևավորում են համակարգող խորհուրդ, որին վերապահում են «Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները»։

Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից եպիսկոպոսներին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու 2026թ․ փետրվար 16-19-ին Ասվտրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն