azatutyun.am Երկաթուղու մասին իմ պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«TRIPP-ի շրջանակներում կան ուժեր, ովքեր ասում են, որ եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ մտնում է Նախիջևան, չմտնի Նախիջևան և շրջանցի Հայաստանը: Բնականաբար, մեր միջազգային գործընկերներն ասում են՝ «ոնց շրջանցի Հայաստանը, Հայաստանը մեր գործընկերն է»: Այդտեղ նրանք, ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, ասում են՝ Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է: Մենք ամեն ինչ անում ենք համոզելու համար, որ, այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է ու Ռուսաստանը որևէ ձևով չի ցանկանում ու գործնականում էլ խոչընդոտ չի հարուցի տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ: Սրա մասին ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ էլ եմ խոսել, գիտեմ, որ նա աջակից է այս բոլոր ծրագրերին»,- ներկայացրեց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց՝ «Ռուսաստանի կողմից եկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում ու մրցակցային առավելության կորուստ ենք ունենում»։
«Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը»,- հավելեց վարչապետը:
Թե որ ուժերի մասին է խոսքը, վարչապետը չհստակեցրեց՝ նշելով. «Կան այդ թվում ներդրումային հետաքրքրություններ ունեցողներ, որոնք մտածում են՝ որտեղ արժի փող դնել»:
«Փորձ է արվում իրագործել այդ պլանը, չի իրագործվելու այդ պլանը: Ոմանք շատ ուղիղ դրա մասին խոսում են, ես զգուշացրել եմ, որ չխոսեն և չգործեն այդ ուղղությամբ զգուշացումները չեն լսել, ուրեմն կզգան զգուշացումները»,-հայտարարեց նա: