Մայր Աթոռը խստորեն դատապարտում է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով  Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Նորին Սրբության ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ:
Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ։
Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը։
Այս ամենը նաև անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների և դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել և մնում է հայոց պետականության անսասան հենասյունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում անհապաղ վերանայել Հայոց Հայրապետի, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները, ինչը պառակտում է մեր հասարակությունը, նսեմացնում հայրենի պետության վարկն ու հեղինակությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն