civilnet.am Հայաստանն օգտագործվում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք՝ Մոսկվայի հետ հակամարտության հարցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել է, որ Հայաստանի գիծը չի ենթադրում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանն ուժեղացնում է ռազմական-քաղաքական ու տնտեսական մերձեցման տեմպերը արևմտյան երկրների և միավորումների հետ։ Բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ Արևմուտքի համար Հայաստանը Մոսկվայի հետ հակամարտության հարցում աշխարհաքաղաքական պայքարի գործիք է»,- ասել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ Երևանում գիտեն Մոսկվայի սկզբունքային գնահատականները ԵՄ անդամակցության անհամատեղելիության մասին Եվրասիական տնտեսական միության անդամության հետ։
«Հուսով ենք, որ Հայաստանում կելնեն պրագմատիզմից։ Հայկական տնտեսության բարձր աճի տեմպերը, ցածր գնաճի մակարդակը, ամուր ազգային արժույթը, հայկական արտադրանքի համար լայն իրացման շուկան․ այս ամենի երաշխիքը Ռուսաստանի և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն է», – նշեց նա։