«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Նարեկ Կարապետյանը

Տնային կալանքում գտնվող գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համարը կլինի Նարեկ Կարապետյանը։ Այս մասին հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

««Ուժեղ Հայաստան» կուսակցության ուժեղ թեկնածուն լինելու է Սամվել Կարապետյանը։ Իսկ ցուցակը կառաջնորդի Նարեկ Կարապետյանը, ով անցումային ղեկավարի կարգավիճակով հանդես կգա և կապահովի նորընտիր ԱԺ-ի ձևավորման ընթացքում անցումային տեխնիկական իրադարձությունների զարգացումը»,- նշել է Մելոյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին տեղի էր ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը։ Շնորհանդեսի ընթացքում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետի իրենց թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

Կարապետյանը, սակայն, գործող օրենսդրական կարգավորումներով չի կարող ընտրվել վարչապետ։ Նա, Հայաստանի քաղաքացիությունից  բացի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի։

Հաջողության դեպքում «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է ԱԺ քվեարկությամբ փոխել Սահմանադրության 148-րդ հոդվածը։ Այս հոդվածով Կառավարության անդամին ներկայացվում են նույն պահանջները, ինչ ԱԺ պատգամավորին։ Իսկ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Սահմանադրության այս դրույթը ԱԺ-ում փոխելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն