armenpress.am Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործիքակազմի շրջանակում անցած տարի ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների պետական ֆինանսավորումը կազմել է ավելի քան 2 միլիարդ 100 միլիոն դրամ։
Այս մասին հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ այս ցուցանիշն իր կատարողականով 50 տոկոսով ավելին է, քան 2024 թվականին արձանագրված արդյունքը։
Հայրապետյանը պարզաբանեց, որ ֆինանսավորման աճը պայմանավորված է եղել հիմնավոր, կոմպլեքս-բովանդակային բարեփոխումներով, ինչը մեծացրել է ծրագրի գրավչությունը ռազմարդյունաբերական ընկերությունների համար։
«Անցած տարի կատարվել են մի շարք բովանդակային բարեփոխումներ ռազմարդյունաբերության ոլորտում։ Մասնավորապես, սահմանվել է գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների նոր կարգ, որով ոչ միայն հստակեցվել և համեմատաբար պարզեցվել է նոր ԳՀՓԿԱ (գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ) աշխատանքների ֆինանսավորման գործընթացը, այլ նաև նոր տրամաբանություն ենք ներդրել՝ տեխնոլոգիական պատրաստության մակարդակի հայեցակարգը։ Այն փաստացի թույլ է տալիս ընկերություններին բարդ մշակումները քայլ առ քայլ զարգացնել իրար հաջորդող մի քանի գիտահետազոտական աշխատանքներով ու փորձարարական մշակումներով։ Այս տրամաբանությամբ սկսնակ ընկերությունները վերջապես կարող են սկսել փոքր ֆինանսավորումից՝ քայլ առ քայլ հասունացնելով իրենց մշակումները և կայանալով որպես ընկերություն»,- մանրամասնեց նախարարը։