ՀԷՑ-ը պարզաբանում է տարածել բաժանորդների կողմից հավելագրումների մասին ահազանգերի վերաբերյալ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն անդրադարձել է բաժանորդների կողմից հավելագրումների վերաբերյալ ահազանգերին։ Ընկերությունից հայտնում են, որ բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել։

ՀԷՑ-ի տարածած պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է․

«Վերջին օրերին Ընկերությունն իր բաժանորդների կողմից ստանում է մի շարք ահազանգեր՝ հունվար ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի ծախսի ենթադրյալ տեղային հավելագրումների վերաբերյալ։

Ի գիտություն մեր քաղաքացիների՝ ստացված բացառապես բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել․ մինչ այս պահը ստացված ահազանգերի և դրանց հիման վրա իրականացված ստուգողական գործառույթների արդյունքում (շուրջ 7 տասնյակ դեպքեր) կարող ենք արձանագրել, որ հավելագրման դեպք չի գրանցվել: 

Խոշոր հաշվով, ըստ վերլուծության արդյունքների, հունվար ամսվա էլեկտրաէներգիայի սպառման գերազանցումը նախորդ ամիսների համեմատ պայմանավորված է երկու հիմնական գործոններով. 

  • ամանորյա տոնական օրերին էլեկտրաէներգիայի սպառման բնականոն աճ կենցաղում,
  • հունվար ամսվա ընթացքում սաստիկ ցուրտ եղանակային պայմաններ:

Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված վերլուծության, հունվար ամսվա առաջին տասնօրյակը բնութագրվել է նորմայից ցածր օրական ջերմաստիճաններով։ Հունվարի 3-ին Աշոցքում դիտվել է ամսվա ամենացածր ջերմաստիճանը՝ -37°C, իսկ Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել է մինչև -18․2°C»,– նշված է պարզաբանման մեջ։

Այդուհանդերձ, կառույցից հայտնում են՝ եթե դեռևս առկա են հնարավոր հավելագրման ողջամիտ կասկածներ, կարող եք այդ մասին տեղեկացնել՝ գրելով 𝒃𝒂𝒃𝒂𝒌𝒉𝒂𝒏𝒚𝒂𝒏_𝒓𝒈@𝒆𝒏𝒂.𝒂𝒎 էլեկտրոնային հասցեին, 𝐬𝐮𝐛𝐣𝐞𝐜𝐭 դաշտում նշելով «ծախսի անհամաձայնություն», ինչպես նաև անհրաժեշտ է նշել բաժանորդային քարտի համար և հեռախոսահամար:

Ընկերության համապատասխան ստորաբաժանման մասնագետներն առավելագույնը եռօրյա ժամկետում կիրականացնեն էլեկտրոնային հաշվիչների դեպքում՝ սերվերների/ռեգիստրների ստուգում, իսկ ոչ էլեկտրոնայինների դեպքում կիրականացվի տեղայց և տեղազննություն:

«Արդյունքների մասին պատշաճ կծանուցվեք Ընկերության կողմից»,– եզրափակվում է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն