1lurer.am 2025 թվականի նոյեմբերին ՔԿ-ն հաղորդել էր, որ Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում վերջինիս պատկերված լինելու հանգամանքը:
ՀՀ ՔԿ-ից անդրադարձել են փաստաբան Արսեն Բաբայանի հայտնած «երեք տարբեր փորձագիտական եզրակացություններին»՝ նշելով, որ դրանք չեն կարող դիտարկվել որպես ապացույց, քանի որ ստացվել են քրեական վարույթի շրջանակից դուրս և չեն նշանակվել վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։
«Այդ եզրակացությունները չեն կարող դիտարկվել որպես ապացույց, քանի որ ստացվել են քրեական վարույթի շրջանակից դուրս և չեն նշանակվել վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ավելին, կամայական կերպով ձեռք բերված նման եզրակացությունները չեն կարող ունենալ որևէ ապացուցողական ուժ, քանի որ փորձագետի եզրակացությունը քրեական վարույթում իրավական արժեք է ստանում բացառապես այն դեպքում, երբ այն հիմնված է վարույթի նյութերի ամբողջական ուսումնասիրության վրա և իրականացվում է համապատասխան դատավարական երաշխիքների պահպանմամբ։ Ուստի վարույթից դուրս, առանց պատշաճ դատավարական հիմքի և նյութերի լիարժեք ուսումնասիրության ստացված ցանկացած գնահատական չի կարող դիտարկվել ոչ որպես ապացույց, ոչ որպես փորձագետի իրավաչափ կարծիք և չի կարող հիմք հանդիսանալ որևէ իրավական հետևության համար»,- ասվում է հաղորդագրության տեքստում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր, որ ստացել է դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իր կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզման նպատակով։
«Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։
Փորձագետները, ի թիվս այլնի, հանգել են հետևյալ եզրակացություններին՝
1. Տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ,
2. Տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել,
3. Տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է»,- ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ համացանցում տարածվել էին Արշակ սրբազանին վերագրվող անպարկեշտ տեսանյութեր։ Սրբազանը հերքել էր այդ տեսանյութերի կապը իր հետ։