Վերաքննության կարգով բողոքարկվել են դատարանի այն որոշումները, որոնց հիման վրա փետրվարի 13-ին խուզարկություններ են կատարվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի և բուժական գծով տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Փաստաբանի պնդմամբ՝ դատարանը կայացրել է ոչ իրավաչափ որոշումներ՝ հաշվի չառնելով, որ թեև Չարչյանն ու Նալբանդյանը ֆորմալ-իրավաբանական իմաստով զբաղեցնում են վարչական պաշտոններ, սակայն բովանդակային առումով հանդիսանում են բժիշկներ և իրենց աշխատասենյակներում իրականացնում են բուն բժշկական գործունեություն, այդ թվում՝ հիվանդների ընդունելություն և բուժման նշանակում:
Ըստ պաշտպանական կողմի՝ դատարանը չի պատճառաբանել, թե ինչու պետք է բժշկի աշխատասենյակում պահվեն հաշվապահական կամ վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք փնտրվել են խուզարկության ընթացքում: Ալեքսանյանը նշել է, որ խուզարկությամբ խախտվել է բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակման անթույլատրելիության սկզբունքը, քանի որ ստորադաս ատյանը չի նշել, թե արդյոք հաղթահարվել են բժիշկների աշխատասենյակներում խուզարկություն կատարելու սահմանափակումները:
Փաստաբանը շեշտել է, որ աշխատասենյակներից վերցված համակարգիչները պարունակում են բազմաթիվ անձանց բժշկական գաղտնիք կազմող տվյալներ, որոնց հասանելիությունը վարույթ իրականացնող մարմնին կոպտորեն ոտնահարում է պացիենտների անձնական կյանքի և անձեռնմխելիության սահմանադրական իրավունքները: Ալեքսանյանի ձևակերպմամբ՝ դատարանը չի կանխատեսել բժշկական գաղտնիք պարունակող տվյալների տարանջատման մեխանիզմը և թույլտվություն տալով փաստացի վտանգել է գաղտնիության պահպանման սկզբունքը: